Սահմանադրական դատարանը որոշել է, որ 2025 թվականի հունիսի 5-ին ստորագրված՝ «Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Iravaban.net-ը ուսումնասիրել է սեպտեմբերի 15-ին ընդունված ՍԴ համապատասխան որոշումը։
Արձանագրությունը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 5-ին՝ Դուշանբեում։ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ դրա նպատակն է 1994 թվականի համաձայնագրի արդիականացումն ու լրացումը, դրա ձևակերպումները ժամանակակից իրողություններին և ոլորտում առկա միտումներին համապատասխանեցնելը, ինչպես նաև կիրառվող տերմինների հստակեցումն ու տեխնոլոգիական և արտադրական նոր ի հայտ եկող ռիսկերի հասցեագրումը։
1994 թվականի համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի մարտի 10-ից։ Այն սահմանում է համաձայնագրի կողմերի տարածքներում գործուղման մեջ ժամանակավորապես գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը։
Համաձայնագիրը տարածվում է կողմերի՝ անկախ սեփականության ձևերից ձեռնարկությունների, հաստատությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա, որոնց հետ աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ։
Ի՞նչ փոփոխություններ է նախատեսում արձանագրությունը
Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ արձանագրությամբ փոփոխություններ են կատարվում համաձայնագրի 2-րդ հոդվածում, որտեղ սահմանվում են կիրառվող հասկացությունները, 3-րդ հոդվածի առաջին մասում, 5-րդ հոդվածի 4-րդ նախադասության մեջ և հավելվածում։
Հավելվածը դառնում է համաձայնագրի 1-ին հավելված։ Միաժամանակ համաձայնագիրը լրացվում է նոր՝ 8.1-րդ հոդվածով և 2-րդ հավելվածով։
2-րդ հավելվածը վերաբերում է արտադրությունում դժբախտ պատահարի մասին H-1M ձևի ակտը լրացնելու կարգի վերաբերյալ ցուցումներին։
Արձանագրության համաձայն՝ այն ուժի մեջ է մտնելու անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ստորագրած կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից։ Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած կողմերի համար արձանագրությունն ուժի մեջ է մտնելու համապատասխան ծանուցումները ավանդապահի կողմից ստանալու օրվանից։
Հայաստանի ստանձնած պարտավորությունները
Սահմանադրական դատարանը նշել է, որ արձանագրությամբ Հայաստանը, ի լրումն նախկինում համաձայնագրով ստանձնած պարտավորությունների, ստանձնում է մի շարք պարտավորություններ։
Մասնավորապես, պետք է ապահովվի, որ յուրաքանչյուր դժբախտ պատահարի քննությունը, այդ թվում՝ վնասվածքի մասին հաղորդման կարգը, քննության հանձնաժողովի ձևավորումը, դրա աշխատանքի կազմակերպումը, ինչպես նաև ձեռնարկությունների, առողջապահական հաստատությունների, պետական հսկողության ծառայությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց առաջացող պարտականությունները իրականացվեն այն ձեռնարկության կողմից, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը՝ դժբախտ պատահարի պահին տուժողի գտնվելու վայրի՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան նորմատիվ ակտերով սահմանված կարգով։
Բացի այդ, եթե մյուս կողմի ձեռնարկության աշխատողի հետ դեպի ծառայողական գործուղման վայր, այդ թվում՝ տարանցման ընթացքում, մեկնելիս կամ վերադառնալիս տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին տեղեկատվություն է ստացվում, Հայաստանի Հանրապետության աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության և հսկողության պետական մարմինը, եթե դժբախտ պատահարը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, պետք է համապատասխան տեղեկատվությունն ուղարկի այն կողմի աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության և հսկողության պետական մարմին, որի տարածքում գտնվում է տուժողի գործատուն։
Նախատեսվում է նաև, որ դժբախտ պատահարի մասին տեղեկատվությունն ստացած՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության և հսկողության պետական մարմինը պետք է ձեռնարկի դժբախտ պատահարի քննության նկատմամբ հսկողությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ։
Սահմանադրական դատարանի դիրքորոշումը
Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին։
Դատարանի գնահատմամբ՝ դրանք նաև կնպաստեն բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների առողջության պահպանմանը և դրա հետ կապված այլ հիմնական իրավունքների պաշտպանությանը։
Կառավարությունը 2026 թվականի հունիսի 18-ի N 848-Ա որոշմամբ հավանություն էր տվել արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը և որոշել էր դիմել Սահմանադրական դատարան՝ արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։
Դիմումը Սահմանադրական դատարան էր մուտքագրվել 2026 թվականի հունիսի 23-ին։ ՍԴ-ի 2026 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-163 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել էր քննության, իսկ դրա դատաքննությունը նշանակվել էր 2026 թվականի սեպտեմբերի 15-ին՝ գրավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը որոշել է, որ 2025 թվականի հունիսի 5-ին ստորագրված արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Որոշումը Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։