Սահմանադրական դատարանի դատավորների հավելավճարների վճարումն ապահովելու համար կառավարության պահուստային ֆոնդից 38 մլն 930.5 հազար դրամ կհատկացվի Սահմանադրական դատարանին։ Նախագծով նախատեսվում է ֆինանսավորել դատավորների՝ պաշտոնավարման ստաժով պայմանավորված հավելավճարները։
Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի կարգավիճակին ու պատասխանատվությանը համարժեք վարձատրություն ապահովելու նպատակով 2026 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-138-Ն համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով Սահմանադրական դատարանի դատավորներին նախատեսվել է հավելավճար: Մասնավորապես, սահմանվել է դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար հետևյալ չափերով՝
– պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոսի չափով,
– երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով,
– չորրորդ տարվանից սկած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավել չափով:
Ընդ որում, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի անցումային դրույթի ուժով հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:
Սահմանված հավելավճարների հաշվարկման համար ՍԴ-ի 2026 թվականի ֆինանսական տարվա բյուջեով անհրաժեշտություն է առաջացել 38930.5 հազար դրամի լրացուցիչ ֆինանսավորում:
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 38,930.5 հազար դրամ հատկացնել Սահմանադրական դատարանի 1092 ծրագիր 11001 «ՀՀ սահմանադրական դատարանի գործունեության և սահմանադրական արդարադատության ապահովում» միջոցառմանը:
Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել Սահմանադրական դատարանի դատավորների հավելավճարների վճարումը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Սահմանադրական դատարանի կողմից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.3-րդ կետից։ Մասնավորապես, «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» վերտառությամբ 6․3-րդ կետով ի թիվս այլ քայլերի՝ Կառավարության կողմից նախաձեռնման ենթակա քայլերից է հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ առանցքային բարեփոխումների իրականացումը, ներառյալ վարձատրության ու պարգևատրման համակարգերի վերանայումը, (…) գրավչությունը մեծացնող աշխատանքային միջավայրի ձևավորումն ու պայմանների ներդրումը («Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ որպես անկախ պետական մարմնի անդամի պաշտոն, հանդիսանում է ինքնավար պաշտոն, որն էլ ընդգրկվում է հանրային ծառայության մաս կազմող հանրային պաշտոնների մեջ):