Կառավարությունը բարձրացնում է պաշտոնյաների վարձատրության գործակիցները

Պարգևավճարների ու հավելավճարների թեման կրկին թեժ քննարկման առիթ է դարձել։ Այս անգամ պատճառը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերն են, որոնք հաստատվել էին կառավարության վերջին նիստում։

Կառավարությունը հաստատել  է ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մի ամբողջ փաթեթ։ Կառավարության՝ 2026-2031թթ ծրագրում նշված է, որ հանրային կառավարման ոլորտում սահմանած օրակարգը կյանքի կոչելու համար արհեստավարժ մարդկանց աշխատանքն է կարևոր։

Մանրամասնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը․ «Օրենսդրական փաթեթով կարգավորումներ են նախատեսվել պետական մարմիններում հիմնական վարձատրության պաշտոնային գործակիցները վերանայելու հարցերին, որպեսզի դրանք ներդաշնակեցվեն ու համապատասխանեցվեն դրված խնդիրների լուծման պահանջներին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ սա ամենաբարդ ու կարևոր բարեփոխումներից է, քանի որ ռազմավարական նշանակության խնդիր է լուծում։

«Պետության ու պետականության ուժեղացում։ Պետության ու պետական կարգավիճակի ուժեղացում։ Պետք է շատ ուղիղ ասեմ՝ 2018 թ այսպես կոչված պարգևավճարներ և այլն, այն թեման է, որը, եթե քննադատները և ընդդիմադիրները այլ բան չունենան, համարում են, որ ամենահարմար թեման է խոցելու՝ կառավարությանն ու քաղաքական մեծամասնությանը»։

Նախագծով առաջարկվում է կիսամյակի համար նպատակային թիրախներ սահմանել։ Այնուհետև, կախված նրանից, թե որքանով են այդ աշխատանքները համարվում ավարտված, տվյալ կառույցին պետական ֆոնդ է հատկացվելու՝ մարդկանց վճարելու համար։ Պետական ծառայողները, աշխատավարձից բացի, կունենան նաև արդյունքից կախված լրավճար։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հստակեցնում է՝ համայնքների ղեկավարներն այժմ 250-500 հազար դրամ աշխատավարձ են ստանում՝ կախված բնակչության թվից։

Համայնքային պաշտոն և համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական և լրացուցիչ աշխատավարձի ընդհանուր չափի 60 տոկոսը:

«Այս կարգավորումով կարգավորվում է նաև այդ հարցը։ Առանձին կետ կա, որը վերաբերում է ՏԻՄ-երին ՝ մոտավորապես ներառյալ լրաճվարը չմիավորված համայնքների դեպքում 700 հազար դրամից սկսած աշխատավարձ։ Առանց հարկերի միջինը 1 մլն դրամ։ 75 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների աշխատավարձը լինելու ՝ 12 մլն դրամ»։

Ամենաբարձր գործակիցը սահմանված է ՀՀ նախագահի ու վարչապետի համար՝ 32, փոխվարչապետի՝ 26, նախարարի համար՝ 24։ ԱԺ նախագահի համար՝ 30, պատգամավորների համար՝ 18։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծում է․ «Այսօր մեր բազմաթիվ նախարարություններում մասնագիտական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը տատանվում է 250–350 հազար սահմաններում։ Այս փոփոխության արդյունքում, եթե գրանցվեն 80 և ավելի բարձր տոկոս կատարողական, արդյունքներ, ապա այդ մարդկանց աշխատավարձը կգտնվի 400–500 հազար դրամի միջակայքում։ Բաժնի պետերը, որ ստանում էին մինչև 400 հազար դրամ, այս կարգավորումներով կարող են մինչև 740 հազար դրամ ստանալ։ Վարչության պետերը՝ միջինը 520–550 հազար դրամի դիմաց վարձատրվել մինչև 900 հազար դրամ»։

Պետական կառավարման համակարգը մշտապես ունեցել է բարձրակարգ մասնագետների ներգրավման խնդիր։ Այդ խնդիրն ավելի է սրվել 2018 թվականից հետո, որովհետև համակարգում աշխատանքի տրամաբանությունն արմատապես փոխվել է, ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը։ Ըստ պատգամավորի՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, և մոտիվացիոն համակարգերն ու շղթաներն ամբողջությամբ փոխվել են։

Անդրադառնալով պատգամավորների աշխատանքի արդյունավետության գնահատմանը՝ Աղաջանյանն ընդգծում է՝ գործադիրում նախատեսվող կատարողականի գնահատման ցուցանիշները խորհրդարանականների նկատմամբ գրեթե հնարավոր չէ կիրառել։

«Հարցի պատասխանը հերթական ընտրությունների ժամանակ պատգամավորները այդ ընթացքում դրսևորած կարողություններով ու որակով կարժանանան»։

Օրենսդրական փաթեթը դեռ Ազգային Ժողով չի հասել, ուստի «Քաղաքացիական պայմանագիր»-ը դրա վերաբերյալ վերջնական որոշում չունի։

Leave a Comment