Հայաստանի իշխանությունները Գյումրիի 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու մտադրություն չունեն, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով պաշտպանական ոլորտի իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ ռազմաբազայի դուրսբերման շուրջ քննարկումները արհեստածին են և ծավալվում են Արևմուտքի պահանջով։
Լրատվականը նաև պնդել է, որ ռազմաբազան Հայաստանի համար լրացուցիչ զինանոց է, իսկ այնտեղ տեղակայված զինտեխնիկան օգտագործվել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի 102-րդ ռազմաբազան դուրս բերել երկրից։ Սեպտեմբերի 17-ի ճեպազրույցում Փաշինյանը պարզաբանել էր, որ այդ ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ չէ, իսկ դրա ներկայությունը երկրի անվտանգությանը «ոչինչ չի ավելացնում»։
Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիրը կնքել են 25 տարով, իսկ 2010 թվականին դրա գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2044 թվականը։
