Ամեն ամիս զոհվում եւ վիրավորվում է 27 000 ուկրաինացի, ՌԴ կորուստները պատերազմից ի վեր անցնում է 240 000- ը

Ռուսաստանի հետ մարտական գործողություններում Ուկրաինայի ԶՈւ- ն ամսական կորցնում է 27 հազար զոհված եւ վիրավոր զինծառայող, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Երկրի խորհրդարանում՝ Սեյմում, նա նշել է, որ սա հակամարտության սկզբից ի վեր գրանցված ռեկորդային ցուցանիշ է։

«Նման միտումների պայմաններում ձմեռը Ուկրաինայում իսկապես կարող է աղետալի լինել»,- Սեյմում Դոնալդ Տուսկի խոսքն է մեջբերում Լեհաստանի ռադիոն։

Դոնալդ Տուսկը նշել է, որ Ռուսաստանը նախատեսում է ինտենսիվ հարձակումներ Ուկրաինայի խոշոր քաղաքներում երկաթուղային ենթակառուցվածքների եւ բանակի համար նախատեսված զինամթերքի պահեստների ուղղությամբ։ Դրա համար Ռուսաստանի զինված ուժերը նոր տեսակի անօդաչու թռչող սարքեր են ներդնում, որոնք «անհամեմատ ավելի մեծ արագությամբ են շարժվում», հայտարարել է Լեհաստանի վարչապետը։

Ռուս- ուկրաինական պատերազմում մեծ կորուստներ է կրում նաեւ Ռուսաստանը։ Ինչպես Կիեւը, այնպես էլ Մոսկվան չեն հայտնում իրենց կորուստների մասին։ Սակայն Ռուսաստանում ակտիվիստները փորձում են պարզել թիվը։ Ըստ «Մեդիազոնայի»՝ պարզվել է զոհված 248844 ռուսաստանցի զինծառայողի անուն։

Leave a Comment