Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Զուֆուղարովը այս վիրավորական ու ծաղրական գրառումն է արել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հասցեին։ Կրկնեմ, գրառման հեղինակը պատահական մարդ, օգտատեր կամ բլոգեր չէ, այլ նախկին արտգործնախարար։ Բայց, այստեղ հարցը այն չէ միայն, որ նա լինելով դիվանագետ, իրեն այդպիսի վարք է թույլ տալիս մի պետության ղեկավարի հանդեպ, որի հետ իրենց պետությունն իբր կառուցում է խաղաղություն։
Բուն հարցն այն է, որ Զուլֆուղարովը այսօր չունենալով պետական կարգավիճակ, այդուհանդերձ պետական քաղաքականության խոսափողերից է, ինչի մասին է վկայում այն, որ նա ադրբեջանական մամուլի հաճախակի բանախոսներից է, Ադրբեջանում պետական ինստիտուտների կազակերպած քննարկումների հաճախակի հյուրերից։ Իսկ Ադրբեջանը այն պետությունն է, որտեղ ընդդիմադիր գործիչներն ու փորձագետները նստում են բանտում, ոչ թե պետական կառույցների կազմակերպած միջոցառումների սեղանի շուրջ։
Մեկնաբանությունը, ինչպես ասում են՝ ավելորդ է։
Ի դեպ, կարո՞ղ է Երեւնից էլ մի նախկին պաշտոնյա արձագանքել Զուլֆուղարովին ։ Օրինակ, Հիքմեթ Հաջիեւի բանակցային գործընկեր Արմեն Գրիգորյանն արդեն նախկին պաշտոնյա է, թեեւ նա զբաղված է իր գիրքը գովազդելով, հազիվ թե ունենա Զուլֆուղարովին պատասխանելու ժամանակ։ Հատկապես, որ կարծես աշխատանքի է անցել նաեւ միջազգային կազմակերպություններից մեկում։ Իսկ այդ կազմակերպությունները բծախնդիր են հայ–ադրբեջանական «խաղաղության գործընթացի» հանդեպ։
Իսկ ի՞նչ է անում օրինակ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որը վերջերս մի հոդված էր գրել Թրամփի ուղու մասին, Հայաստանի հանրությանը նախատելով, թե շատ նեղ են նայում այդ ծրագրին ու այդքան էլ լավ չեն ընկալում այն։ Կարո՞ղ է Զոհրաբ Մնացականյանը իր «լայն հայացքով» նկատել նաու Զուլֆուղարովի օգտահաշիվն ու նախկին արտգործնախարարի «սուբորդինացիոն» հարթությունից մի երկու բառ ասել ի պատասխան։
Թեեւ, Հայաստանի հանրությանը Զոհրաբ Մնացականյանի մասով թերեւս հետաքրքրում է այն, թե նա ինչ կասի մինչեւ պատերազմը բանակցային պրոցեսի, պատերազմի ընթացքում պրոցեսի, եւ պատերազմից հետո իր հրաժարականի մասին։
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան