Փաշինյանին մրցանակի հանձնումը դիտարկել որպես պահանջի հնարավորություն՝ ԼՂ վերադարձ, 19 պատանդի անհապաղ արձակում, ԼՂ-ում հայկական մշակույթի պաշտպանություն
Հեսսենի երկրամասի խորհրդարանին՝ Լանդթագին, խոսնակին, Հեսսենի խաղաղության մրցանակի հանձնաժողովին (հոգաբարձուների խորհրդին) գրավոր նամակ են ուղղել Գերմանիայի իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ (անունները վերջում- Ան.Հ.) այսօր՝ սեպտեմբերի 18-ին Վիսբադենում ՀՀ վարչապետին խաղաղության մրցանակ հանձնելու իրադարձությանն ընդառաջ:
Օգոստոսի 20-ին «Ազգում» իրազեկել էինք , որ Հեսսենի երկրամասի խաղաղության այս տարվա մրցանակը՝ 25 հազար եվրո շնորհվելու է ՀՀ վարչապետին՝ Հարավային Կովկասում խաղաղության ջանքի համար: «Նա պարգեւատրվում է ժողովրդավարությանն իր նվիրվածության, Ադրբեջանի հետ երկարատեւ հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար»:
«Ստորագրող կազմակերպություններս հստակ աջակցում ենք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղությանը, որը կարող է լինել արդար եւ կայուն միայն այն պարագայում, եթե ԼՂ-ից բռնատեղահանված հայ բնակչության իրավունքները հարգվեն միջազգային իրավունքի, մարդու իրավունքների եւ ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կոնվենցիայից բխող պարտավորությունները հարգելով, որ ցայսօր բացառվել են խաղաղության ներկա գործընթացից: Հիշյալ մրցանակը շնորհելիս Լանդթագը չպետք է անտեսի տուժած բնակչության դեմ կատարված ծանրագույն հանցագործությունները, նրանց տառապանքը, ինչպես նաեւ Ադրբեջանի՝ ԼՂ-ում հազարամյակների պատմությամբ հայկական եւ քրիստոնեական մշակութային ժառանգության՝ շարունակական ոչնչացումը»:
Գրավոր դիմումի հեղինակները հիշատակում են, որ ԳԴՀ-ն 2016-ի հունիսի 2-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որով վերահաստատել է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը, սկզբունք հիմնելով, որ մարդկության դեմ այդ ոճրի հիշողությունը չպետք է անտեսվի, իսկ ներկայի եւ ապագայի հանդեպ պատասխանատվությունը պետք է բխի դրանից: Բունդեսթագի ճանաչման բանաձեւից 10 տարի անց է, 2023-ին ԼՂ-ում ողբերգական իրադարձությունները հրատապ դարձրին հարցը, թե պատմական պատասխանատվությունից բխող ինչ հետեւանքներ պիտի բխեն: Դժբախտաբար այդ ժամանակից ի վեր տեղի ունեցածը ցույց է տալիս, թե պատմության դասերը փխրուն են մնում, երբ հստակ քաղաքական գործողությունների չեն վերածվում, գրում են իրավապաշտպանները:
Դիմումը ստորագրած կազմակերպությունները հիշատակում են Բերձորի միջանցքի շրջափակումից սկսած 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը Արցախի վրա, ավելի քան 100 000 հայերի բռնի տեղահանման փաստերը, ինչպես նաեւ՝ այդ իրադարձության դեմ միջազգային արձագանքը. Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu) 2023-ի սեպտեմբերին զգուշացումը, թե կարող է հանգեցնել ցեղասպանության, ԳԴՀ ԱԳ նախարար Բերբոքի ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղահանությունը դատապարտող ելույթը, ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Խուան Մենդեսի հաստատումը, թե հարկադիր տեղահանությունը, ծանր հոգեբանական տրավման համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայի չափանիշներին: 2023-ի նոյեմբերին միջազգային քրեական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց չխոչընդոտել տեղահանված հայերի անվտանգ վերադարձին: Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամփոն 2023-ի օգոստոսին արդեն զգուշացրել էր ԼՂ-ում հայերի ցեղասպանության մասին, իսկ 2024-ի ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոսի տաճարում հնչեցրած հուշաճառում վերահաստատեց իր որակումը՝ ընդգծելով, թե զանգվածային սպանությունները ցեղասպանության միակ ձեւը չեն: Սովը, ծանր հոգեբանական վիճակը նույնպես ցեղասպանական գործողություն են, երկուսն էլ կիրառվել են ԼՂ-ի հայերի դեմ:
Հիշյալ որակմանը համակարծիք է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (International Association of Genocide Scholars (IAGS), որ 2024-ի սեպտեմբերին ԼՂ-ի վերաբերյալ ընդունած բանաձեւում Բերձորի միջանցքի շրջափակման հետեւանքով առաջացած կենսապայմանները որակել է ցեղասպանական գործողություն, իսկ 2023-ի բռնագաղթը՝ որպես էթնիկ զտում:
Նամակում հիշատակվում է, որ ի հեճուկս թվարկվածի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին միտված շարունակական ջանքերին, ԼՂ-ից տեղահանվածների իրավունքներն անտեսվում են: Բաքվում պահվում է 19 պատանդ, թեեւ Եվրոպական խորհրդարանը նրանց ազատ արձակելու կոչ է հղել բազմիցս: Երկարատեւ խաղաղությունը չի կարող հիմնված լինել միայն երկու պետությունների միջեւ քաղաքական փոխըմբռնման վրա, քանի դեռ տեղահանության հետեւանքները, տուժածների իրավունքները, գերության մեջ գտնվող հայերի ճակատագիրը մնում է անտեսված»:
Նամակի հեղինակներն այնուհետ ներհայաստանյան դիտանկյունից են քննում Հեսսենի խաղաղության մրցանակի շնորհման փաստը Նիկոլ Փաշինյանին, որի կառավարության օրոք «Հայ առաքելական եկեղեցին ենթարկվում է պետության աճող ճնշման, հոգեւորականների, այդ թվում՝ արքեպիսկոպոսներ, բանտարկության եւ ճամփորդելու սահմանափակման, կառավարությունը միջամտում է Եկեղեցու ներքին գործերին, կաթողիկոսին ենթարկում քաղաքական ճնշման, նույնիսկ պահանջում նրա հեռացումը»:
Իրավապաշտպանները նկատել են տալիս, որ պատճառը Եկեղեցու ներկայացուցիչների՝ ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանությունն է նաեւ: Քաղաքական ճնշման եւ բանտարկության են ենթարկվում նաեւ ընդդիմադիրները: Վարչապետ Փաշինյանը բազմիցս հրապարակավ վիրավորել է տեղահանված անձանց, որոշ դեպքերում նույնիսկ նրանց մեղադրել, որ փախել են: 2026-ի մարտին նա ԼՂ-ից տեղահանված մի կնոջ հրապարակավ հարցրեց, թե ինչո՞ւ վերջինս այնտեղ չի մնացել, 2026-ի մայիսին «Ինչո՞ւ չեք զոհվել» հարցն ուղղեց ղարաբաղցի հայերին՝ մեղադրելով վերջիններիս զինվորներին լքելու մեջ: «Տուժածների հանդեպ նման վերաբերմունքը մտահոգիչ հակադրություն է ստեղծում ժողովրդավարական արժեքների եւ հակամարտությունները խաղաղ կարգավորելու համար շնորհվող խաղաղության մրցանակի հետ»: «Եթե Հեսսենի խաղաղության մրցանակը արժեւորում է խաղաղության արդի գործընթացը՝ առանց անդրադառնալու ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններին, մարդու իրավունքների լրջագույն խախտումներին, միջազգային հետեւանքներին, հաշվի չառնելով տուժածների իրավունքները, ապա վտանգ կա, որ մրցանակը հակամարտության լուծմանը եւ հաղթահարմանը նպաստելու փոխարեն կընկալվի որպես կատարված ոճրի մաքրազերծում (բնագրում՝ Weißwaschung- Ան. Հ.):
Հետեւաբար դիմում ենք Հեսսեն երկրամասի խորհրդարանին, խաղաղության մրցանակի հոգաբարձուների խորհրդին, որ Փաշինյանին մրցանակի հանձնումը դիտարկեն որպես հնարավորություն՝ հստակորեն բացահայտելու հակամարտության չպարզաբանված հարցերն ու պահանջելու դրանց ընդգրկումը խաղաղության շարունակական գործընթացում: Մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի արտաքսված հայերի միջազգայնորեն պաշտպանված անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը, Բաքվում պահվող 19 հայ պատանդների անհապաղ ազատարձակումը, ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության արդյունավետ եւ միջազգային վերահսկողության ներքո պաշտպանությունը»:
Նամակը ստորագրել են Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը, Վտանգված ազգերի ընկերակցության ներկայացուցիչ Զարա Ռայնքեն (Sarah Reinke), Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի նախագահ դոկտոր Թեսսա Հոֆմանը, Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության նախագահ դոկտ. Ջոն Այբները, նույն կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղի ղեկավար Փեթեր Ֆուքսը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա