Իրանի դեմ պատժամիջոցների խստացման պայմաններում Հայաստանը խորացնում է տնտեսական կապերը Թեհրանի հետ

Ո՞ր երկրներն են միանում Վաշինգտոնի քաղաքականությանը

Օգոստոսի 25-ին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց Իրանի եւ նրա գործընկեր պետությունների նկատմամբ ԱՄՆ-ի նոր տնտեսական պատժամիջոցների մեկնարկի մասին, որոնք, ըստ Վաշինգտոնի, պետք է դառնան Իրանի նկատմամբ ճնշումը շարունակելու հիմնական գործիքներից մեկը:
Անցած վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները լրջորեն թուլացրել են Իրանի ռազմական ներուժը, սակայն չեն ստիպել Թեհրանին կապիտուլյացիայի ենթարկվել կամ ընդունել Վաշինգտոնի բոլոր պահանջները: Այս իմաստով՝ կարճատեւ ռազմական գործողությունների միջոցով արագ արդյունքի հասնելու ԱՄՆ-ի նախնական ակնկալիքը, առնվազն այս փուլում, չի իրականացել:

Այդ պայմաններում Վաշինգտոնը կրկին առաջնային նշանակություն է տալիս իրանական տնտեսության նկատմամբ ճնշման ուժեղացմանը՝ նպատակ ունենալով հնարավորինս սահմանափակել Իրանի տնտեսական եւ ֆինանսական կապերն արտաքին աշխարհի հետ:

Անկախ Վաշինգտոնի հայտարարած պատժամիջոցների նոր ալիքից, Մեծ Բրիտանիան արդեն իսկ Իրանի նկատմամբ կիրառում է պատժամիջոցների լայն ռեժիմ, որը վերջին շրջանում ավելի է խստացվել:

Եվրոմիությունը նույնպես պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ: 2026 թվականին ԵՄ-ի որոշումներին միացել են նաեւ Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սերբիան եւ Ուկրաինան:

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին առաջիններից արձագանքել է նաեւ ԱՄԷ-ն, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, դադարեցրել կամ զգալիորեն սահմանափակել է Իրանի հետ մի շարք առեւտրային ու ֆինանսական գործարքներ:

Իրանական «Tabnak» կայքի հաղորդմամբ, Իրանի հետ կապված առեւտրային երթուղիներում նույնպես սահմանափակումներն ավելի են խստացվել: Մասնավորապես, տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Թուրքիայի օդանավակայանները դադարեցրել են որոշ բեռների եւ բեռնափոխադրումների ընդունումը, որոնց վերջնական նշանակման երկիրը հայտարարվել է Իրանը:

Մյուս կողմից, Աֆղանստանի սահմանին իրանական բեռնատարների հերթը հասել է ավելի քան 15 օրվա, եւ հարյուրավոր բեռնատարներ սպասում են այդ երկրից դուրս գալուն:

Տնտեսական ոլորտի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ նման իրավիճակի շարունակությունը կարող է բարձրացնել փոխադրման ծախսերը եւ հանգեցնել նրան, որ Իրանը Աֆղանստանի շուկայում իր դիրքերը զիջի այնպիսի մրցակիցների, ինչպիսին է Ուզբեկստանը:

Տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ Աֆղանստանում եւ Թուրքիայում կիրառվող որոշ սահմանափակումներ կապված են այդ երկրների՝ Միացյալ Նահանգների հետ ունեցած հարաբերությունների հետ: Նույնիսկ մի քանի հարյուր տոննա ապրանքի առգրավման մասին հաղորդումներ են հրապարակվել:

Բացի այդ, իրանական մամուլն անդրադարձել է Իրաքի կողմից Շալամչե, Չազաբե եւ Սոմար սահմանային անցակետերի փակմանը: Բաղդադի այդ քայլը, ըստ հրապարակված տեղեկությունների, կապված է Սաուդյան Արաբիայի այն մեղադրանքների հետ, թե անօդաչու թռչող սարք է արձակվել Իրաքի տարածքից:

Սակայն Իրանի տնտեսության վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից առավել ուշագրավ զարգացումներից մեկը ԱՄՆ-ի պատժամիջոցների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումն է: Դա հատկապես կարեւոր է հաշվի առնելով, որ Թուրքիան Չինաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից հետո Իրանի խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկն է:

Ներկայումս Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի տարեկան ծավալը գնահատվում է մոտ 8-10 միլիարդ դոլար: Եվրոպային մոտ գտնվելու, զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքների, Եվրոպական մաքսային միության շրջանակում գտնվելու եւ միջազգային ընկերությունների լայն ցանցում ներգրավված լինելու շնորհիվ Թուրքիան կարեւոր դեր ունի Իրանի արտաքին տնտեսական կապերում:

Այսպիսով, ԱՄՆ-ի կողմից Իրանի տնտեսական մեկուսացման քաղաքականության խորացումը եւ պատժամիջոցների խստացումը սահմանափակումների առաջ են կանգնեցնում նաեւ թուրք-իրանական տնտեսական հարաբերությունները:

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարեց, որ Թուրքիան Իրանից ներմուծվող բնական գազի դիմաց վճարումները ուղղակիորեն Իրանին չի փոխանցում, այլ գործում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված մեխանիզմի շրջանակում:

Շիմշեքը նաեւ հայտարարել է, որ Անկարան հաշվի է առել Իրանի հետ կապված տնտեսական գործունեության նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված վերջին պատժամիջոցները, եւ որ Թուրքիայի ընկերություններն ու ֆինանսական հաստատությունները պետք է լիովին պահպանեն ներքին օրենսդրության պահանջները:

Միաժամանակ Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարարը Իրանի մասնաբաժինը Թուրքիայի գազի ներմուծման մեջ համեմատաբար սահմանափակ է համարել՝ նշելով, որ ԱՄՆ-ն այժմ Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարարներից մեկն է:

Իսկ Հայաստանը՞…

Ուշագրավն այն է, որ մի կողմից՝ ԱՄՆ-ը կտրուկ ուժեղացնում է Իրանի տնտեսական մեկուսացման քաղաքականությունը, իսկ մյուս կողմից՝ Հայաստանը շարունակում է ակտիվացնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:

Օրերս Իրան կատարած այցի շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի եւ ԻԻՀ տնտեսական հարցերի եւ ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում ընդգծվել է համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

Արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ մաքսային ընթացակարգերն արագացնելու նպատակով ստորագրվել է ՀՀ եւ ԻԻՀ տարածքներով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման՝ «Պարզեցված մաքսային միջանցք» նախաձեռնության մասին արձանագրությունը:

Իրանի հետ այս ոլորտում նկատվող Հայաստանի քաղաքականությունը, իմ կարծիքով, պետք է բացատրել ոչ այնքան որպես «պատժամիջոցներին հակադրվելու քաղաքականություն», որքան՝ որպես Հայաստանի համար Իրանի հետ տնտեսական կապերի կենսական նշանակության գիտակցում:

Նախկինում եւս Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների հարցում Վաշինգտոնը Հայաստանի համար առանձին բացառություններ էր նախատեսում: Դրա հիմքում այն հանգամանքն է, որ Երեւանին հաջողվել է ամերիկյան գործընկերներին ներկայացնել Իրանի հետ տնտեսական կապերի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի համար:

Իրանը Հայաստանի համար պարզապես հերթական առեւտրային գործընկերը չէ: Այն երկրի հարավային արտաքին տնտեսական եւ տրանսպորտային ելքն է:

Հայաստանը չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բաց տնտեսական կապեր, իսկ Վրաստանի ուղղությունը զգալիորեն կախված է ինչպես վրացական, այնպես էլ Սեւծովյան տրանսպորտային ենթակառուցվածքներից: Այս պայմաններում Իրանի ուղղությունը Հայաստանի համար ձեռք է բերում ոչ միայն տնտեսական, այլեւ տնտեսական անվտանգության նշանակություն:

Հետեւաբար, նույնիսկ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների խստացման պայմաններում Երեւանը շահագրգռված է պահպանելու եւ, հնարավորության դեպքում, ընդլայնելու Թեհրանի հետ տնտեսական կապերը:

Սա, սակայն, չի նշանակում, որ Հայաստանը փորձում է ուղղակիորեն հակադրվել Վաշինգտոնի քաղաքականությանը: Ավելի շուտ՝ Երեւանը փորձում է պահպանել իր համար կենսական նշանակություն ունեցող տնտեսական եւ տրանսպորտային կապը Իրանի հետ՝ միաժամանակ չհայտնվելով ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականության առաջնային թիրախում:

Այս առումով Հայաստանի դիրքորոշումը որոշակիորեն տարբերվում է տարածաշրջանի մի շարք այլ երկրների մոտեցումներից: Եթե Թուրքիայի, ԱՄԷ-ի եւ այլ երկրների համար Իրանի հետ տնտեսական կապերի սահմանափակումը կարող է լինել Վաշինգտոնի հետ հարաբերությունների պահպանման կամ խորացման գին, ապա Հայաստանի համար Իրանի ուղղության լիարժեք փակումը կարող է ունենալ անհամեմատ ավելի ծանր տնտեսական եւ ռազմավարական հետեւանքներ:

Այդ հանգամանքը նաեւ բացատրում է, թե ինչու է Երեւանը փորձում Իրանի հետ տնտեսական համագործակցությունը կառուցել ոչ թե պատժամիջոցներին բացահայտ հակադրվելու, այլ հնարավորինս օրինական, թափանցիկ եւ միջազգային սահմանափակումների ռիսկերը հաշվի առնող մեխանիզմների միջոցով:

Այս հարցում Հայաստանի համար կարեւոր է նաեւ Ռուսաստանի գործոնը: Երեւանը վերջին տարիներին անթաքույց ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական եւ տրանսպորտային կապերը եւ նվազեցնել մեկ ուղղությունից ունեցած կախվածությունը: Այդ համատեքստում Իրանը Հայաստանի համար կարող է դիտարկվել ոչ միայն որպես առանձին տնտեսական գործընկեր, այլեւ որպես արտաքին աշխարհի հետ կապերի դիվերսիֆիկացման կարեւոր ուղղություն:

Ուստի Իրանի դեմ պատժամիջոցների նոր ալիքի պայմաններում Հայաստանի ակտիվությունը Թեհրանի հետ տնտեսական հարաբերություններում պատահական զարգացում չէ: Այն Հայաստանի աշխարհագրական դիրքի, տնտեսական շահերի եւ տրանսպորտային անվտանգության տրամաբանությունից բխող քաղաքականություն է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Leave a Comment