Մտորումներ
Մեր ներսում զարմանալի հանգստություն է տիրում, ավելի շուտ` անտարբերություն: Երբ ետ ես նայում մոտ անցյալին ու վերհիշում թեկուզ հանրային վերաբերմունքը կատարվող իրադարձություններին, տարօրինակ է թվում այսօրվանը: Ուզում ես հասկանալ պատճառները, թե ինչպես կարող էր հանրային գիտակցությունը այսքան կարճ ընթացքում այսպես փոխվել. Օվերտոնի, դիսկուրսի պատուհանի մոդելն է կիրառվել: Հիշում եմ մի տաքսու վարորդի, որ ուղեւորների հետ իր պրոֆեսիայի տեր շատերի նման սիրում էր շատախոսել եւ ինչ կրքոտությամբ սկսեց պաշտպանել «ոչ մի թիզ հողի», այսինքն` հող չզիջելու գաղափարը: Դա իհարկե մինչեւ 2018 թվականն էր, մենք դեռ չգիտեինք 2020 թվականի սեպտեմբերը ինչ է բերելու մեզ ու հետո 2023- ի հայրենազրկման աղետը ու մինչեւ հիմա շարունակվող մեր կորուստները մարդկային, հողի. մեր անցյալի, հիշողության ու պատմության, մեր ինքնության, խորհրդանիշների վրա իջնելիք ստվերները չգիտեինք:
Հիմա մարդկանց հետ խոսելու կամ նրանց հարցերին արձագանքելու ցանկությունը դադարել է, երբ ապրում ես մի միջավայրում, որտեղ, կարելի է ասել, անհետացել է առողջ հանրային կյանքի, միմյանց հետ անկեղծ հարաբերությունների անհրաժեշտությունը, որտեղ մասնավոր շահը գերակայում է չափազանցված, եւ անկարեւոր են դառնում մարդկային արժեքները, եթե կյանքը ավելի հեշտ ու հարմարավետ է: Ուզում ես հասկանալ այդ հարմարավետությունը ո՞ւմ համար կամ ո՞րն է, եւ ամենակարեւորը ինչի՞ հաշվին: Միշտ է եղել այն շերտը, որն ամեն ժամանակ, յուրաքանչյուր փոփոխության պայմաններում իր համար ապահովել է բարեկեցիկ, տաք վիճակ: Դա օրինաչափ է, բնական, եթե չի տանում սոցիալական ծայրահեղության:
Մինչ կյանքը օր օրի ավելի է թանկանում, ապրելը դժվարանում է ոչ միայն թոշակառուի, միջին աշխատավարձով ապրողի, անգամ բավական բարձր վարձատրվողների համար (գներն այստեղ ավելի բարձր են եվրոպականից` հատկապես սննդի): Սոցցանցերում հաճախ կհանդիպես տեսանյութերի, որտեղ Երեւանը ներկայացվում է որպես անհոգ, ուրախ քաղաք, բնակչությունը երգ ու պարի, փառատոնային ցնծությունների մեջ է, սրճարաններն ու ռեստորանները լեցուն են, քաղաքային կյանքը եռում է մինչեւ ուշ գիշեր: Այդ եղանակին իրոք այդպես էր, շոգից, թե տուրիստների շատությունից էր: Բայց դա կյանքի մի երեսն է, երեւացողը, փայլողը, իսկ դրա հակառակ կողմում այլ պատկեր է, օրինակ` գլխահակ ծաղկավաճառը, շփոթահար ձկնարտադրողը. դժվար վիճակում հայտնված մարդիկ, ապրանքն արտահանելու նախկին ճանապարհները փակվել են, նորերը չկան, մի տեղ գյուղացու տոննաներով միրգն է փչանում, վարկի տակ մնալու ուրվականը հուսահատեցնում է, համայնքներում ոռոգման ջուր չկա կամ պակաս է, պրովոկացիաներ սահմանային գոտում:
Եվ ինչ անի ծեր այն թոշակառու կինը, որ մի քանի անգամ պտտվեց խանութի միրգ – բանջարեղենի բաժնում մատչելի գնով մի կիլոգրամ միրգ գնելու հույսով, հետո գլխապտույտ ունեցավ ու տխուր հեռացավ: Շատերն են իհարկե զարմացած ու դժգոհում են անհասկանալի թանկացումներից, կան այնպիսիք էլ թե` խաղաղություն լինի, մնացածը մի բան կլինի, հետո անմիջապես վրա են բերում` ախր ապրել չի լինում, ծայրը ծայրին հազիվ ենք հասցնում, ամեն ինչ թանկացել է:
Հեռու եմ այն մտքից, թե մեր հոգսերն ավելի շատ են, քան մյուսներինը, աշխարհի ամենաառաջնակարգ երկրներում անգամ որքան ասես խնդիրներ չկան` տնտեսական, քաղաքական, բարոյական ու որքան գնում սրվում են: Բայց մենք ապրում ենք այս հողակտորի վրա, ուստի դրա՜ մշակն ու պատասխանատուն ենք:
Պատահում է այնպես, որ ժամանակի մեջ «չես տեղավորվում», թվում է` ինչ կատարվում է իլյուզիա է, խաղ, ինչ որ մեկի կամ մի խմբի կողմից սարքված, մնացածներիս պարտադրված ներկայացում, մի բան, որ հիմա ավելի քան երբեւէ հեշտ է, մարդկանց գիտակցությունը մանիպուլացնելու միջոցներն ու մեթոդները, ծուղակներն ու մտքի թակարդները այնքան շատ են, որ ամենագիտակիցն ու տեղեկացվածն անգամ ընկնում է այդ ցանցը:
Կյանքն այլեւս առաջվանը չէ ամենուրեք, թեեւ մենք հիմա ապրում ենք լայն հնարավորությունների պայմաններում, սակայն բեկումնային ժամանակներ են` պատերազմների ու աղետների, հեղաշրջումների` գիտակցության մեջ Արհեստական Բանականության մուտքով մեր` արդեն առօրյա կյանք, մարդկության ապագայի անորոշության հանդեպ մտահոգություններով:
Ամենամոտ ժամանակների փոփոխությունների մասին (քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային գլոբալ կոլապս, աշխարհը կառավարելու նոր, տարբեր համակարգերի ստեղծում` ինչպես ցանցային կառավարումը եւ այլն) աշխարհի հայտնի, հեղինակավոր մասնագետներին` քաղաքագետներ, տեխնոկրատներ, գիտնականներ, էկոլոգներ, լսելիս թվում է գիտաֆանտաստիկ ժանրի գիրք ես կարդում կամ ծանոթ ֆիլմ դիտում: Մտածում ես, դրանք նախամտադրված հատուկ գրված ու նկարահանված են եղել` հոգեբանորեն մեզ նախապատրաստելու:
Աշխարհը երբեք այսպես բաց չէր եղել, ինֆորմացիան` այսքան հասանելի, մատչելի, համակողմանի, իսկապես հսկայական: Բայց որքան աշխարհը բաց ու թափանցիկ է թվում, միաժամանակ այնքան հակասական ու իրարամերժ է, միտումնավոր տարածվող իրարից չզատվող սուտն ու ճշմարտությունը էլ ավելի անհասկանալի են դարձնում այն, որը ստիպում է մարդուն հեռանալու իրականությունից, օտարվելու, ազատվելու այս խառնաշփոթից, քաոսից, անգամ ինքնազատագրվելու է տանում: Մտածող, զգայուն մարդու թվացյալ անտարբերությունը, որի համար հաճախ քննադատվում է, հենց այս օտարացման հետեւանքն է, գիտակցումը իր խոսքի «ձայն բարբառոյ յանապատի» լինելը:
Սակայն ասված է նաեւ` որտեղ Պարտքն է, այնտեղ հաղթանակն է: Պարտք, խիղճ, արժանապատվություն, սրանք բարոյականության տիրույթում են, որոնց բացակայությունից ճաքեր են առաջանում, վակուում, հոգու ամայություն: Բայց հիմա ով է մտածում այս մասին, համարվում է ժամանակավրեպ, անկարեւոր: Այո, մեր քաղաքի ամառային երեկոները մասնավորապես կենտրոնում, հագեցած էին մարդկանց անհոգ խմբերով, բավարարության, վայելքի մթնոլորտով: Ցանկությունների, վայելքների` կյանքի բնական մասը լինելը չի նշանակում անտեսել, մոռացության տալ այն, ինչ կատարվեց մեր երկրի, մեր հայրենակիցների մի հատվածի հետ վերջերս եւ այն վտանգները, որ սպասվում են դեռ: Իսկ փոքրաթիվ այն մարդիկ, որոնց ուսերին է միշտ դրվում ազգային, հանրային պարտքի, պատասխանատվության բեռը ամենադժվար ժամանակներում, այդպես էլ չգնահատված են մնում: Եվ ամենամեծ տագնապը նրանց` մեր խուլ ձեւանալն է սեփական պատմության ու ցավի հանդեպ:
Չգիտես ինչու Սթայնբեքի «Մեր հոգսերի ձմեռը» խառնվեց իմ այս մտքերին: Հիշեցի վեպի հերոսի` սեփական խղճից ժամանակավոր արձակուրդ վերցնելու հոգեբանական վիճակներն ու դրա հետեւանքները…
Սթայնբեքի մոտ «ձմեռը» հոգեւոր ամայության եւ բարոյական անկման նշան է: Իթեն Ալեն Հոուլին` ծագումով ազնվական, աղքատացած մի մարդ, ընտանիքի, շրջապատի ճնշումների տակ հարստանալու մարմաջով որոշում է «ժամանակավոր արձակուրդ» վերցնել իր խղճից` դավաճանության, խարդախության, բարեկամին մատնելու գնալով հոգին թողնում ձմռան սառնության մեջ:
Մարդկանց հարաբերությունների «ձմեռը»` հարազատին, ընկերոջը, հարեւանին որպես հակառակորդ ընդունելը, նրանց ամեն գնով հաղթելն ու առաջ անցնելը մենակության ու հոգեւոր սառնության պատճառներից է: Այդ «ձմեռը» մեկ մարդունը չէր. անցած դարի 50-60-ականների ողջ Ամերիկայի ախտանիշն էր, պատերազմից հետո երկրում սկսված նյութապաշտության, սպառողականության մի ժամանակաշրջանի, որտեղ հաջողության հասնելու համար մարդիկ պատրաստ էին ամեն ինչի:
Սթայնբեքյան ձմեռը պարբերաբար կրկնվելու հատկություն ունի տարբեր շրջաններում, տարբեր վայրերում եւ կրկնվել ու շարունակվում է:
«Ձմեռը մոտենում է»… Երբ հասարակությունը կորցնում է իր բարոյական կողմնացույցը, «ձմեռը» դառնում է մշտական:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ