Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց՝ Հայաստանում․ այցելուներն այն տեսնելու 6 ամիս ունեն

Հայաստանի ազգային պատկերասրահում բացառիկ ցուցադրություն է բացվել․ Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը, որը ստեղծման օրվանից պահվել է նախ ռուսական պատկերասրահում, ապա հանգրվանել Ղազախստանի  ազգային արվեստի թանգարանում, 6 ամսով «հյուրընկալվել է» Երևանում։ Սուրենյանցի 2 այլ կտավների հետ մեկտեղ՝ «Լքյալը» այս վեց ամիսներին կցուցադրվի որպես յուրօրինակ եռապատում։

Ավելի քան 130 տարի անց Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» Հայաստանում է։ 1894-ին ստեղծված կտավը, որը տասնամյակներով Ղազախստանի ազգային արվեստի թանգարանում է, Հայաստանի ազգային պատկերասրահ է բերվել «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի շրջանակում։

Կտավում ավերակների ու քարերի մեջ միայնակ նստած կին է։ Շրջապատի լռությունն ու ամայությունը ստեղծում են կորստի և լքվածության ծանր մթնոլորտ՝ միանգամից բացատրելով նաև կտավի անվանումը՝ «Լքյալը»։ Այս կտավի Հայաստան գալը ցուցահանդեսի կազմակերպիչների համար միայն արվեստի գործի վերադարձ չէ։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը դրա հիմքում տեսնում է ավելի լայն՝ մշակութային, մարդկային և դիվանագիտական ուղերձ։

«Այսօր այս ցուցադրության ներքո մենք խոսում ենք հումանիզմի մասին, խոսում ենք մշակութային ժառանգության մասին, խոսում ենք միջազգային հարաբերությունների և մշակութային դիվանագիտության մասին»։

«Լքյալը» կտավը երկար է դեգերել ցուցահանդեսներում ու պատկերասրահներում։ Դեռ 1894-ին ցուցադրվել է շրջիկ ցուցահանդեսում, ապա այն գնել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի նախկին փոխտնօրենը։ Արդեն 1930-ականներին խորհրդային իշխանությունների մշակութային ապակենտրոնացման ծրագրերի շրջանակում հասել Ղազախստան, որի ազգային թանգարանից էլ դուրս է եկել առաջին անգամ՝ Հայաստան հասնելու համար։  

Սուրենյանցի՝ 1890-ականների Համիդյան ջարդերի մասին պատմող մյուս երկու աշխատանքները՝ «Ոտնահարված սրբությունը» և «Ջարդից հետո»-ն ևս Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում են։ «Լքյալ»-ի հետ մեկտեղ դրանք կազմել են յուրօրինակ ցուցադրություն։ Համադրող Վիգեն Գալստյանի խոսքով՝ հենց այս երեք աշխատանքների միավորումն էլ հնարավորություն է տվել մեկ կտավի պատմությունից անցնել ավելի լայն թեմայի՝ հայ արդի արվեստի մարդասիրական ուղղվածությանը։

«Այս ցուցահանդեսը առաջին անգամ Հայաստանի հանդիսատեսին հնարավորություն է ընձեռում տեսնելու ոչ միայն այս բացառիկ, իրոք հեղափոխական գլուխգործոցը, այլև միահավաք կերպով՝ 1890-ականների Համիդյան ջարդերին նվիրված Սուրենյանցի այսպես ասած եռապատումը»։

Բայց մինչև Հայաստան հասնելը՝ «Լքյալը» պետք է անցներ ոչ միայն հազարավոր կիլոմետրեր, այլև երկարատև բանակցություններ և  համաձայնություններ։ Հայաստանի ազգային պատկերասրահի գիտահետազոտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պատմում է՝ պատրաստվել սկսվել են ավելի քան մեկ տարի առաջ, իսկ տեղափոխումը պահանջում էր առանձնակի պատասխանատվություն։

«Ինչպես հասկանում եք, արվեստի գլուխգործոց է, և ղազախական կողմն էլ, բնականաբար, շատ դժվարությամբ էր պատրաստվում բաժանվել այդ աշխատանքից, քանի որ իրենց մշտական ցուցադրության գոհարներից մեկն է այս ստեղծագործությունը՝ Վարդգես Սուրենյանցի»։

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներից մի դրվագ է պատմում։

«Երեկ մենք խոսում էինք հենց Աբիլխան Կաստեևի անվան ազգային թանգարանի տնօրենի հետ և ինչպես նա խոստովանեց, այս ցուցանմուշը՝ մեր «Լքյալը» գլուխգործոցը, իրենց թանգարանի մարգարիտներից է և հիմնական ցուցադրության մարգարիտներից է։ Թանգարանում հայտնվելուց ի վեր պատից չի իջեցվել երբևէ և, առավել ևս, երկրից դուրս չի եկել»։

Հայրենիք հասած կտավի պատմությունն առանձնահատուկ արձագանք է գտել նաև  այցելուների շրջանում։

«Ուսանելու տարիներին ուսումնասիրել եմ Սուրենյանց ու շատ-շատ եմ սիրում իր գործերը։ Իր ներկապնակը ու էս ցուցահանդեսը շատ-շատ կարևոր է մեր համար։ Էդ շարքի մի նկարը, որ վերադարձել է իր հայրենիք շատ-շատ տպավորիչ է, շատ հուզիչ»։

«Երբ իմացա, որ Սուրենյանցի նկարները գալիս են Հայաստան ու ցուցադրվելու են, այդ պահին սարից էի իջնում ու վերջապես կապ ունեցա, էդ նամակը եկավ տելեգրամով, սենց նայեցի՝ ապշած ու էս ինչ է կատարվում․․․»։

Ցուցասրահում նաև հատուկ լուսային լուծումներ են, արվեստաբան Յուլյաննա Լալաբեկովան ասում է՝  որ լիովին նկատելի լինեն մանրամասները։

«Շատ տպավորիչ էր հատկապես երևի թե լույսերի պահը, որ ստացել էին, որովհետև մտնում ես սենյակ, որտեղ ցուցադրված են հենց Սուրենյանցի գործերը ու միանգամից ակցենտավորված են աշխատանքները, հասկանում ես, թե ինչ է կատարվում, միանգամից աչքի են ընկնում բոլոր դետալները, մի խոսքով, շատ գրավիչ են ստացել»։

«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» խորագրով միջազգային ցուցահանդեսը կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 17-ը։ Այս վեց ամսում «Լքյալը» կսպասի այցելուներին։

Leave a Comment