Արմավիրի մարզի Փարաքար համայնքում քննարկում են զբոսաշրջության զարգացման 2026-30 թթ ռազմավարությունը: Սա նոր ուղղություն է, որը կնպաստի գյուղերի ճանաչելիության բարձրացմանը հուշարձան կոթողների, ազգային ավանդույթների, արհեստների ու գաստրոնոմիական հյուրընկալության միջոցով:
Փարաքար համայնքում առաջին անգամ հանրության դատին է ներկայացվում զբոսաշրջության զարգացման 2026-30թթ ռազմավարական ծրագիրը: Օդային ճանապարհով Հայաստան եկող զբոսաշրջիկներին համայնքը որոշել է ներկայանալ իր բոլոր հնարավորություններով ու գրավչությամբ։ Դրա համար կան բոլոր նախադրյալները՝ ասում է համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, տուրիզմի բաժնի պետ Աշխեն Նիկողոսյանը․

«Աշխարհագրական դիրքը, Երևանին մոտ գտնվելը, մեր բնակավայրերի առանձնահատկությունները մեզ հնարավորություն են տալիս, որ Փարաքար համայնքը զբոսաշրջային առումով դարձնենք ավելի մրցունակ: Ունենք պատմամշակութային կոթողներ, արժեքներ, օդանավակայանին մոտ գտնվելու հանգամանքը»:
Փարաքար համայնքում պատմամշակութային ամենահայտնի կոթողը Մուսալեռի հերոսամարտի հուշարձանն է: Այստեղ զբոսաշրջիկների հոսքն ավելանում է հատկապես Մուսալեռի հերոսամարտի օրը, երբ մուսալեռցիները հարիսա են եփում ու բաժանում հյուրերին: Այն տոնվում է Խաչվերացին հաջորդող կիրակի օրը:
Համայնքում զբոսաշրջության գրավչություն են դարձնելու գյուղական կյանքը, մշակույթը, սովորույթներն ու գաստրոնոմիական հետաքրքրությունները: Դա զբոսաշրջիկին կարող է ավելի երկար պահել գյուղում՝ համոզված է համայնքապետարանի մասնագետ Աստղիկ Մեհրաբյանը։ Նա ներկայացնում է զբոսաշրջիկի առօրյան «Ապրիր գյուղում» ծրագրով:

«Մեկ օր գյուղացու կյանքով, հյուրընկալ տուն, դաշտից՝ սեղան փաթեթ, ֆերմայի օր, ծանոթացնել գինու, մեղրի, պանրի արտադրությանը: Ավանդական արհեստներ ծրագրով բացահայտել տեղի վարպետներին, այցելել արհեստանոցներ, կազմակերպել վարպետության դասեր, արհեստների փառատոն և ունենալ տեղական ինքնությամբ հուշանվերներ»:
Գաստրոնոմիական զբոսաշրջությունը շատ տարածված է գյուղերում: Զբոսաշրջիկները ծանոթանում են տարբեր տարածաշրջանների խոհանոցին, կերակուրների պատրաստման եղանակին, գրում են բաղադրատոմսերը։ Նաև մասնակցում են պատրատմանը:


Զբոսաշրջության հոսքերն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ակտիվ համագործակցել զբոսաշրջային օպերատորների հետ և ներկայացնել համայնքի զբոսաշրջային երթուղիները: Նախատեսվում է մշակել թվային ուղենշային քարտեզ: Զբոսաշրջության միջոցով համայնքը ճանաչելի դարձնելը ռազմավարական հիմնական ուղղություն է՝ ասում է Փարաքար համայնքի ղեկավարի խորհրդական Թաթուլ Ստեփանյանը:
«Որպեսզի տուրիզմը զարգանա, պետք է ունենալ մեկնարկային օպերատոր: Փարաքարում ապրում են բազմաէթնիկ խմբեր, որոնք ներգաղթել են տարբեր երկրներից՝ պարսկահայեր, լիբանանահայեր, ռուսներ, եզդիներ: Բոլորն էլ իրենց մշակույթի ինչ-որ տարրեր պահպանել են, բայց այդ ամենն աշխատացնելու ամենակարևոր սուբյեկտը օպերատորն է, որը չկա»:

Համայնքի ավագանու հերթական նիստում հաստատվել է Զբոսաշրջության զարգացման 2026-30թթ ռազմավարական ծրագիրը, և համայնքի հաջորդ տարվա բյուջեից միջոցներ կհատկացնեն ծրագրի իրագործմանը: