Հայաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Խոժոռնի գյուղը հայերի և ադրբեջանցիների համակեցության յուրօրինակ վայր է։ Վրաստանի Մառնեուլիի շրջանի այս գյուղի բնակիչների առօրյան, սակայն, դժվարացել է սահմանային խստացված ռեժիմի պատճառով։ Նրանք հույս ունեն, որ երկու բարեկամ երկրների միջև սահմանային ռեժիմը կմեղմանա Եվրոպական միության երկրների օրինակով։ Դա հնարավորություն կտա գյուղացիներին առանց բյուրոկրատական քաշքշուկների տեղաշարժվել և օգտվել սահմանամերձ տարածքների բերք ու բարիքից։
Վրացական Խոժոռնին երեք կողմից շրջապատված է հայկական լեռներով։ Գյուղում ապրում է 800-900 բնակիչ՝ հայեր և ադրբեջանցիներ, ընդ որում՝ հայերը մեծամասնություն են։ Խոժոռնին սահմանային այն համայնքներից է, որտեղ երկու ժողովուրդներն ապրում են խաղաղ հարևանությամբ։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոժոռնի համայնքի մեծամասնական պատգամավոր Արսեն Հակվերդյանը։
«Խոժոռնին համարվում է Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետի ամենաինտերնացիոնալ գյուղերից մեկը։ Այստեղ բնակչությունը հարևանություն է անում, զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ։ Գյուղը հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց հայ և ադրբեջանցի բնակիչների խաղաղ համակեցության պատճառով»։
Խոժոռնիի թեման ուշագրավ է նաև իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի և դրանից բխող սահմանային հարցերի բերումով։ Գյուղի առօրյան մշտապես կապված է սահմանի մյուս կողմի հետ։ Մինչև սահմանային ռեժիմի խստացումները՝ բնակիչներն ազատ օգտվում էին հարևան լեռների ու անտառների բերքից, հատապտղից ու փայտից։ Այսօր տեղաշարժը սահմանափակված է, և դա կենցաղային ու գյուղատնտեսական խնդիրներ է առաջացնում։
«Նախկինում երեք կողմն էլ ազատ էր, և Խոժոռնիի բնակիչներն օգտվում էին Հայաստանի տարածքի բերք ու բարիքից, անտառից։ Այսօր խստացումներ են, բայց ժողովուրդը հավատով սպասում է, որ մի օր Հայաստան-Վրաստան սահմանը կգործի Եվրոպայի օրինակով՝ բաց, ապահով և առանց արհեստական խոչընդոտների»։
Ազատ տեղաշարժի սահմանափակումը միայն անտառից օգտվելու կամ գյուղատնտեսության հարց չէ․ նաև խմելու և ոռոգման ջրի խնդիրներ են առաջանում։

Գյուղը խորհրդային տարիներից ջուր է ստանում Հայաստանի տարածքից։ Այսօր ջրագծի վթարի դեպքում մի քանի մետր հեռավորության վրա գտնվող խողովակին հասնելու համար բնակիչները ստիպված են կիլոմետրեր շրջանցել՝ պետական անցակետերով անցնելու համար։ Մինչդեռ գյուղից ուղիղ գծով մի քանի մետր է, և հնարավոր կլիներ տեղում հասնել ջրի խողովակներին ու վերացնել վթարը։
Սահմանազատումը Խոժոռնիի հատվածում դեռ ավարտված չէ։ Համայնքի պատգամավորի պնդմամբ՝ կարևոր է ոչ միայն սահմանագծի քարտեզագրումը, այլև սահմանի ապագա կարգավիճակը։ Այն, նրա խոսքով, պետք է լինի դյուրացված ու բաց՝ սահմանամերձ բնակիչների համար՝ համահունչ հայ-վրացական բարեկամական հարաբերություններին և եվրոպական մոդելով ազատ տեղաշարժին։
«Մեզ համար առաջնայինը սահմանային ռեժիմի դյուրացումն է։ Ինչպես էլ իրականացվի սահմանազատումը, կարևոր է, որ սահմանը լինի բաց ու անխոչընդոտ, որպեսզի մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել այն տարածքներում, որտեղ ապրել ու մեծացել են»։
Սահմանային այս գյուղում սպասում են նաև ենթակառուցվածքների զարգացմանը։ Արդեն կարգի են բերվում ճանապարհները, նախատեսվում է գազաֆիկացումը։
«Կյանքն աստիճանաբար կլավանա, կբարեկարգվի։ Ժողովուրդը մեծ հույսով սպասում է դրական փոփոխություններին»։
Խոժոռնիի բնակիչներն ակնկալում են, որ սահմանը չլինի բաժանարար պատ։ Եվրոպական փորձը, ասում են, ցույց է տալիս, որ սահմանը կարող է միաժամանակ պահպանել իր պետական նշանակությունը, բայց մարդկանց համար ապահովվի ազատ ու դյուրին տեղաշարժ՝ հիմնվելով Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների վրա։