Բյուրեղավանի ջուրը ուժեղացված հսկողության տակ․ Ծավի ջրի աղտոտման հարցով քրեական գործ է հարուցվել

Պատասխանատու կառույցները շարունակում են ուժեղացված մոնիթորինգը այն բանից հետո, երբ Բյուրեղավանի խմելու ջրի որակի հարցը հասարակական հնչեղություն ստանացավ։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է՝ ջրի որակը համայնքում վերահսկվում է ամենօրյա ռեժիմով, և վերջին չափումներով՝ շեղումներ չեն արձանագրվել։

Միաժամանակ շարունակվում է Սյունիքի մարզի Ծավ համայնքի ջրի աղտոտման պատճառների ուսումնասիրությունը։ Այստեղ օրեր առաջ խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել էր թույլատրելի նորմը։ Դեպքի առնչությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։

Ի՞նչ են ցույց տալիս Բյուրեղավանի վերջին չափումները, ինչո՞ւ է ուժեղացվել վերահսկողությունը, և ե՞րբ պարզ կլինեն Ծավի ջրի աղտոտման պատճառները։

Բյուրեղավանում ջրի որակի վերահսկողությունն ուժեղացվել է հանրային մտահոգությունների ֆոնին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ջրի մոնիթորինգն անցկացվում է ամեն օր, իսկ վերջին շրջանում՝ ավելի ինտենսիվ․

«Մենք շատ ուշադիր ենք ընդհանուր ջրի որակի մասով։ Այս ընթացքում նաև ուժեղացրել ենք մոնիթորինգը։ Այս պահին շեղումներ չենք գրանցում»։

Ոչ միայն Առողջապահության նախարարության մասնագետները, այլև տեսչական և իրավապահ կառույցներն են հարցով զբաղվում։

Միաժամանակ շարունակվում է Ծավի ջրի աղտոտման պատճառների ուսումնասիրությունը։ Ավելի վաղ այստեղ ջրի որոշ նմուշներում արձանագրվել էր սնդիկի թույլատրելի նորմի գերազանցում։ Նախարարն ասում է՝ այս դեպքով հատուկ կերպով են զբաղվում․

«Ջրի հետազոտության ընթացքում հայտնաբերել էինք սնդիկի պարունակության թույլատրելի շեմի շեղումներ։ Դրանից հետո փոխվարչապետ Խաչատրյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իր լիազորությունների շրջանակում աշխատանքներ է տանում՝ պարզելու պատճառները»։

Մինչ ուսումնասիրությունները շարունակվում են, Առողջապահության նախարարությունը վստահեցնում է՝ այս պահին Բյուրեղավանի բնակիչներին մատակարարվող ջուրն անվտանգ է․

«Համայնքի բնակչությունն ապահովված է անվտանգ ջրամատակարարմամբ, մինչև հանձնաժողովը կքննարկի այս հարցերը և կհրապարակի արդյունքները»։

Ջրի խնդիրներին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ Ծավի դեպքի վերաբերյալ վերջնական պատասխանները պետք է տա քրեական վարույթի քննությունը․

«Բոլոր հարցերի պատասխանները կստանանք քննության արդյունքներով, որովհետև հարուցված է քրեական գործ, և քննությունը պետք է պարզի՝ ինչ է տեղի ունեցել»։

Փաշինյանը նշել է, որ ջրի որակը ստուգվում է սահմանված ընթացակարգերով, սակայն չի կարելի բացառել, որ երկու չափումների միջև ջրի որակը փոփոխվի։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նաև քաղաքացիների ահազանգերը․

«Միշտ կա տեսական հնարավորություն, որ հերթական չափումն իրականացվի, իսկ հաջորդ օրը խնդիր առաջանա։ Այդ պատճառով նորմալ է, որ քաղաքացիները պետք է ահազանգեն»։

Վարչապետը հայտնել է նաև, որ կառավարությունը քննարկում է տեսչական համակարգի արդյունավետության հարցը՝ արձանագրելով, որ գործող համակարգը միշտ չէ, որ կարողանում է ժամանակին կանխել կամ բացահայտել խնդիրները․

«Մենք կառավարությունում քննարկում ենք, որ մեր տեսչական համակարգն այն արդյունավետությունը չունի, որը կցանկանայինք։ Այդ խնդիրները կան, և կառավարության խնդիրն է դրանք տեսնել ու լուծել»։

Բյուրեղավանում ջրի որակի վերահսկողությունը շարունակվում է, իսկ Ծավի դեպքում փորձ է արվում պարզելու պատճառները և պատասխանատուների շրջանակը, քանի որ «Վեոլիա ջուր»-ը հայտարարում է, որ չի սպասարկում այդ համայնքը։ Փորձաքննությամբ պարզ կլինի՝ ինչ է տեղի ունեցել։

Leave a Comment