Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը իր նախկին կնոջ՝ արքայադուստր Դիանայի մահից մի քանի օր անց նրա եղբորը՝ կոմս Չարլզ Սփենսերին, ասել է, որ նրան շուտով կմոռանան, ըստ The Guardian-ի՝ հղում անելով Սփենսերի «Կարապի երգը. Դիանա, իմ քույր» հուշագրությանը։
«Համոզված եղեք, մենք շուտով կմոռանանք նրան», – իբր ասել է բրիտանական գահի այն ժամանակվա ժառանգորդը։
Հուշագրության համաձայն՝ զրույցը տեղի է ունեցել արքայադստեր հուղարկավորության նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Սփենսերը դեմ է եղել, որ Դիանայի որդիները՝ 15-ամյա արքայազն Ուիլյամը և 12-ամյա արքայազն Հարրին, հուղարկավորության արարողության ժամանակ քայլեն իրենց մոր դագաղի ետևից։ Ըստ կոմսի՝ արարողությունից կարճ ժամանակ առաջ Եղիսաբեթ II թագուհու օգնականներից մեկը նրան տեղեկացրել է երեխաներին սգո երթին ընդգրկելու որոշման մասին, որից նա հրաժարվել է։ Հետո Չարլզը՝ այդ ժամանակվա Ուելսի արքայազնը, զանգահարել է նրան և պնդել, որ իր որդիները մասնակցեն։ Ենթադրվում է, որ հենց հաջորդած վեճի ժամանակ է հնչել լեդի Դիանայի մոռացության մասին դատողությունը։
Կոմսը կարծում է, որ Չարլզի հայտարարությունը արտացոլում էր նրա արհամարհանքը նախկին կնոջ նկատմամբ և նրա սարսափը նրա մահվան նկատմամբ հասարակական արձագանքի մասշտաբներից։
Ուելսի արքայադուստր Դիանան ամուսնացել է Ուելսի արքայազն Չարլզի՝ բրիտանական գահի ժառանգորդի հետ 1981 թվականին։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Ուիլյամը (ծնված 1982 թվականին) և Հարրին (ծնված 1984 թվականին)։ Զույգը ամուսնալուծվել է 1996 թվականին։ 1997 թվականի օգոստոսի 31-ի գիշերը Դիանան և նրա ընկեր Դոդի ալ-Ֆայեդը մահացան ավտովթարից՝ Փարիզում։