
Հայաստանը կայուն զարգանում է և շարունակելու է զարգանալ, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հասկանում եմ, որ «Կիկոսի մահը» մեր հոգեբանության մեջ մեծ նշանակություն ունեցող ստեղծագործություն է, բայց առաջարկում եմ ամեն ինչու և ամեն տեղ չառաջնորդվել «Կիկոսի մահով», ընդգծեց կառավարության ղեկավարը՝ անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի հնարավոր թանկացման վերաբերյալ հնչող տեսակետներին:
Կրեմլից պարբերաբար սպառնում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազը Հայաստանի համար կթանկանա:
Ըստ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի՝ այս քայլը կարող է ոչ միայն գնաճի, այլև Հայաստանի տնտեսական անկման ռիսկի հանգեցնել: «Մեր տեսանկյունից X տիպի սցենար է, ոչ Ա է, ոչ Բ, դա ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում, որին մեր արձագանքը պիտի լինի ավելի ուժգին ու ոչ բնականոնի մեջ, դրա համար մենք այս պահին շարժվում ենք մեր բնականոն ընթացքով, բայց մտքում ունենալով այդ հնարավոր խնդիրների առկայությունը», – ամփոփեց ԿԲ նախագահը:
«Երբ հանրաքվեի կարիք կլինի, կանենք հանրաքվե, երբ չի լինի կարիք, չենք անի: Երբ խնդիր կլինի ինչ-որ գին կառավարել, կկառավարենք: Անընդհատ «Կիկոսի մահով» առաջնորդվելը մեր գործելավոճը չի, մյուս կողմից մենք շարունակում ենք աշխատել, ինչպես մեր բիշքեկյան բանակցությունների ընթացքում ռուսաստանի հետ մենք պայմանավորվեցինք, որ գույքագրում իրականացնենք Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների և տեսնենք՝ ինչ շերտերից է բաղկացած, որովհետև մեկ էլ գալիս է մի հարց՝ ասենք երկաթուղի, ամեն ինչ մեռանում ենք կենտրոնանում ենք երկաթուղո վրա, հետո գալիս գազը», – ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բազմաշերտ են. «Այդ շերտերում բազմաթիվ հարցեր կա, հնարավորություններ կան, խնդիրներ կան, մենք ամբողջությամ մեջ ենք նայում: Եվ, այո, այդ գույքագրման պրոցեսները գնում են և քննարկումները շարունակվում են կամ սկսվում են»: