«Իջնելու ենք մայրուղի, հետո քայլելով առաջանա՞նք»․մարզային տրանսպորտի սահմանափակման առաջարկը՝ քաղաքացիների դժգոհության առիթ

Երևանի ավագանու վերջին նիստում քննարկվել է մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու համար մարզային տրանսպորտի մուտքը Երևանի կենտրոնական հատվածներ սահմանափակելու հարցը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդիրը դիտարկել է ոչ միայն խցանումները նվազեցնելու, այլև մարզային տրանսպորտի, իր բնորոշմամբ, անօրինական գործունեությունը կանխելու համատեքստում։ Նրա խոսքով՝ Երևանում ուղևորափոխադրման իրավունք ունեն միայն համայնքային ընկերությունները՝ «Երևան ավտոբուսը», «Երևանի էլեկտրատրանսպորտը» և մետրոպոլիտենը։

Մարզերից ամեն օր Երևան հասնող քաղաքացիները, սակայն, այս մոտեցումը խտրական են համարում և պնդում են՝ սահմանափակումը կարող է ոչ թե լուծել, այլ տեղափոխել տրանսպորտային խնդիրը։

Արդեն 12 տարի Տաթև Ղազարյանը ամեն օր Արտաշատից Երևան է գալիս։ Աշխատում, հանգստանում և առօրյա կարիքների մեծ մասը հոգում է մայրաքաղաքում։ Խցանումների խնդիրը լուծելու համար մարզային տրանսպորտի երթևեկությունը սահմանափակելու՝ քաղաքապետարանի առաջարկը նա խտրական է համարում։ Արտաշատից Երևանի կենտրոն հասնելու համար նա երեք տրանսպորտ է օգտագործում, քանի որ մարզային ավտոբուսի վերջին կանգառը Սասունցի Դավիթ կայարանն է։ Ասում է՝ եթե երթուղին ավելի սահմանափակվի, խնդիրը պարզապես կտեղափոխվի մայրաքաղաքի այլ հատվածներ․

«Մենք ո՞ւր ենք գալու՝ իջնենք մայրուղո՞ւն, այնտեղից, չգիտեմ, քայլենք, առաջանա՞նք։ Երևանի, օրինակ, Նորագավիթի շրջանը մարզի ամբողջ բնակչությամբ ծանրաբեռնված է, իսկ Երևանի այս պահին գործող կանգառները նույնիսկ Նորագավիթի բնակիչներին չեն բավականացնում։ Մենք Նորագավիթում պիտի սպասե՞նք։ Արդյո՞ք տրանսպորտային համակարգն ունակ է սպասարկել ամբողջ մարզի բնակչությանը։ Ես խոսում եմ մի մարզի մասին, դեռ չեմ խոսում Վայոց ձորի և Սյունիքի, Հայաստանի հարավային թևի մասին։ Նորագավիթի այդ կանգառները արդյո՞ք այսքան մարդու պատրաստ են սպասարկել»։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը սեփական օրինակով նաև հակադարձում է մարզային տրանսպորտի՝ Երևանի ներքաղաքային երթևեկությունը սպասարկելու վերաբերյալ պնդումներին․

«Այդ ճանապարհին Երևանի բնակիչ ընդհանրապես չեն վերցնում, որովհետև 300 դրամ է ուղեվարձը։ Երևանցին նախ պետք է Նորագավիթից նստի, օրինակ, և հասնի Սասունցի Դավիթ կայարան։ Նորագավիթցին Երևանի տրանսպորտից օգտվում է, իր համար արժե 150 դրամ, իսկ եթե մարզային տրանսպորտ նստի, վճարում է 300 դրամ։ Դրա համար էլ չեն օգտվում»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի հերքում՝ սահմանափակումները կարող են դժվարություններ ստեղծել որոշ քաղաքացիների համար, սակայն հարցը, նրա խոսքով, պետք է դիտարկվի մյուս քաղաքացիների իրավունքների համատեքստում․

«Երբ մենք խոսում ենք ինչ-որ սահմանափակումների մասին, գաղտնիք չկա, որ ինչ-որ մեկի կյանքը դրա պատճառով դժվարանալու է։ Բայց հարցը հետևյալն է՝ այսօր իր հեշտ կյանքը որքանո՞վ է այլ, ոչ պակաս իրավունքներ ունեցող քաղաքացիների կյանքը դժվարացնում, և որքանո՞վ է դա արդարացի»։

Տաթև Ղազարյանի կարծիքով՝ նման որոշումը կարող է առաջացնել ոչ միայն տրանսպորտային, այլև սոցիալական խնդիրներ․

«Մենք ունենք, չէ՞, խնդիր՝ «երևանցի» և «ռայոնցի» արտահայտություններ։ Մարզաբնակների այդ ընկալումը մենք ավելի ենք խորացնելու։ Մարզերում, օրինակ, ունենք լավ, մաքուր օդ, մենք չենք ուզում, ստիպված ենք գալիս Երևան, որովհետև այդ աշխատատեղերը չկան մարզերում»։

Քաղաքապետարանում մարզային տրանսպորտի սահմանափակումը հիմնավորում են նաև այն հանգամանքով, որ որոշ երթուղիներ սպասարկում են ներքաղաքային ուղևորահոսքը և այդպիսով ծանրաբեռնում Երևանի փողոցները․

«Երևանում ուղևորափոխադրումը պետք է իրականացնի Երևան ավտոբուս ՓԲԸ-ն, Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ-ն, մետրոպոլիտենը։ Բոլոր մնացած տրանսպորտը` լինի մասնավոր, միկրոավտոբուսներ լինի, այլ մարզային միկրոավտոբուսներ, ավտոբուսներ, նույնիսկ իրավունք չունի Երևանում կանգառից կանգառ կայանելու և մարդ տեղափոխելու»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի բացառել, որ վարչարարության կկիրառվի այն ընկերությունների նկատմամբ, որոնք, քաղաքապետարանի գնահատմամբ, խախտում են սահմանված կարգն ու մասնակցում ներքաղաքային ուղևորափոխադրմանը․

«Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ պետք է լինեն սահմանափակումներ, և միջհամայնքային տրանսպորտը չպետք է գործի Երևանի տրանսպորտի տրամաբանությամբ։ Որոշ տրանսպորտներ պետք է կանգնեն քաղաքի մուտքի մոտ, մարդիկ այնտեղից համայնքային տրանսպորտով տեղափոխվեն։ Որոշները կարող են մտնել քաղաք, բայց քաղաքի ներսում կանգառներ չանել, այլ կանգնել որոշակի հատվածներում»։

Քաղաքապետարանը Երևանի խցանումները բեռնաթափելու մեկ այլ մեխանիզմով նախատեսում է ամեն օր հաշվարկել մայրաքաղաք մտնող փոխադրամիջոցների թիվը։ Դրա համար առաջարկվում է Երևանի մուտքերի մոտ տեսախցիկներ տեղադրել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ներկայացնել տեսախցիկների տեղադրման և տվյալների հավաքման ընթացքը։

Leave a Comment