Կարուձևի քողի տակ բարձրագույն մաթեմատիկա․ աֆղան աղջիկները նկուղներում կրթություն են ստանում

Աֆղանստանում Թալիբանի իշխանության գալուց հինգ տարի անց ավելի քան 2 մլն աղջիկ զրկված է կրթություն ստանալու իրավունքից: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական տվյալներով՝ Աֆղանստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ 6-րդ դասարանից բարձր աղջիկների և կանանց կրթությունն արգելված է օրենքով։ Այս պայմաններում մայրաքաղաք Քաբուլում ձևավորվել է ընդհատակյա դպրոցների գաղտնի ցանց, ինչի մասին բացառիկ ռեպորտաժ է հրապարակել ամերիկյան CBS News հեռուստաընկերությունը։

Կարուձևի քողի տակ բարձրագույն մաթեմատիկա

Ընդհատակյա կրթական օջախները գործում են Invisibles Initiative՝ «Անտեսանելիների նախաձեռնություն» ցանցի ներքո։ Քաբուլի խաղաղ անկյուններից մեկում՝ ընդհատակյա նկուղային դասարանում, 14-16 տարեկան շուրջ 30 աշակերտուհի ամեն օր դասի է գնում՝ գիտակցելով, որ կարող Է հայտնաբերվել և ձերբակալվել Թալիբանի բարոյականության ոստիկանության կողմից։

Կասկած չհարուցելու համար աղջիկները պայուսակներում պահում են միայն մեկ տետր ու գրիչ, իսկ ոմանք նաև գործվածքի կտորներ՝ անհրաժեշտության դեպքում ձևացնելու, թե հաճախում են կարուձևի դասընթացների։ Իրականում նկուղներում նրանք ուսումնասիրում են քիմիա և բարձրագույն մաթեմատիկա։

Ճնշող պայմաններ և կրոնական քողարկում

Կրթական օջախը տեղակայված է մասնավոր տներից մեկի նկուղային հարկում, որն ապահովված չէ բնական լուսավորությամբ։ Հայտնաբերվելու ռիսկերը նվազեցնելու համար դպրոցի դռներն ու պատուհանները միշտ փակ են ու քողարկված, որպեսզի դրսից ձայն ու լույս չթափանցի։ Թալիբանի հետախուզմանը չբախվելու համար կազմակերպիչները նշում են, թե նկուղում Ղուրանի մեկնության դասեր  են անցկացվում։

Տեսանկարահանումների խիստ արգելքն ու վտանգը

Թալիբանի վարչակարգի օրոք նմանատիպ ընդհատակյա վայրերում տեսանկարահանումներն ու լրագրողական հետաքննությունները խստիվ արգելված են։ CBS News-ի ռեպորտաժն այն բացառիկներից է, որում  հաջողվել է վավերագրել նկուղային դպրոցի իրական կյանքը։ Մասնակիցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով լրատվամիջոցը տեսանյութերից և նամակներից հեռացրել է անձնական տվյալներն ու նույնականացնող դետալները։

Ի՞նչ վիճակում է տղաների կրթությունը

Ի տարբերություն աղջիկների՝ տղաներին պաշտոնապես թույլատրվում է հաճախել դպրոց նաև 6-րդ դասարանից հետո, սակայն նրանց կրթության որակը նույնպես խոր ճգնաժամ է ապրում: Միջնակարգ կրթության ծրագիրը հիմնովին փոխվել է․ ուսումնական պլանից հանվել են արվեստը, սպորտը և քաղաքագիտությունը, կրճատվել են անգլերենի և բնագիտական առարկաների ժամերը: Շեշտը դրվել է թալիբների գաղափարախոսության և կրոնական դասախոսությունների վրա, իսկ փորձառու մանկավարժներին մեծ մասամբ փոխարինել են հոգևորականները:

Տնտեսական և հոգեբանական հետևանքները

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծության՝ մինչև 2030 թվականը Աֆղանստանը կարող է կորցնել շուրջ 20․000 կին ուսուցիչ և 5․400 կին բուժաշխատող։ Պետական համակարգում նույնպես կանանց ներկայությունը վերջին տարիներին նկատելիորեն նվազել է։

Նույն հետազոտության համաձայն՝ կանանց կրթվելու և աշխատելու  սահմանափակումը Աֆղանստանի տնտեսությանը տարեկան հասցնում է շուրջ 84 մլն դոլարի վնաս՝ չիրացված տնտեսական ներուժի տեսքով։ Տանը փակված մնալու պատճառով աֆղան դեռահաս աղջիկների շրջանում աճել են ինքնավնասման դեպքերը։ Չկրթված մայրերի թվի աճին զուգահեռ մեծացել է երեխաների մահացության, թերսնման և պատվաստումների ձախողման դեպքերի թիվը։

21 նամակ աշխարհին

Նկարահանման ավարտին ուսուցչուհին և աշակերտուհիները լրագրողներին են հանձնել 21 ձեռագիր ուղերձ՝ «Նամակներ աշխարհին» վերնագրով։ CBS News-ը հրապարակել է դրանք՝ հեղինակների անվտանգությունն ապահովելու նպատակով անանուն պահելով նրանց ինքնությունը։ Գրություններում աղջիկները պատմում  են սովորելու, աշխատելու, սեփական ապագան տնօրինելու և անվտանգ միջավայրում ապրելու իրենց ցանկության մասին և հորդորում․

 «Խնդրում ենք մեզ նայեք որպես սոսկ վիճակագրություն։ Ամեն թվի հետևում կանգնած է մի աղջիկ՝ իր անունով, սրտով ու հազարավոր երազանքներով»։

Մինչ Թալիբանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, թե աղջիկների կրթությունը «ոչ թե արգելված է, այլ ժամանակավորապես կասեցված», ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը  զգուշացնում է․ «Երկիրը չի կարող բարգավաճել, երբ նրա երիտասարդության կեսը զրկված է զարգանալու հնարավորությունից»։

Leave a Comment