Պետությունը պատրաստվում է վերանայել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արձագանքման մոտեցումները։ Օրենսդրական փոփոխությունների փաթեթով բռնության բոլոր դեպքերը կդառնան հանրային մեղադրանքի գործեր, կվերացվի հաշտեցման հնարավորությունը, իսկ պաշտպանության առաջնահերթ միջոցը կլինի ոչ թե բռնության ենթարկված անձի, այլ բռնարարի մեկուսացումը։
Նպատակն է առավել արդյունավետորեն պաշտպանել զոհերին, կանխել կրկնվող բռնությունը և հստակ արձանագրել՝ ընտանեկան բռնությունը չպետք է մնա անպատիժ։
Ընտանեկան բռնության դեմ պայքարի նախագիծն արդեն Ազգային ժողովում է։ Նախաձեռնությունը չորս առանցքային փոփոխություն է առաջարկում՝ ընտանեկան և կենցաղային բռնությունը «Քրեական օրենսգրքում» առանձին հանցակազմ սահմանել, խստացնել պատասխանատվությունը, հրաժարվել նախազգուշացման մեխանիզմից և բռնության դեպքերը դարձնել հանրային մեղադրանքի գործեր։
Նախագծով նախատեսվում է նաև բռնարարի մեկուսացումը՝ որպես պաշտպանության առաջնահերթ միջոց, ոստիկանների համար մարմնին ամրացվող տեսախցիկների պարտադիր կիրառում և բռնարարների՝ վերականգնողական ծրագրերի մասնակցություն։
«Ռադիոլուրի» հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը փոփոխությունների տրամաբանությունն այսպես է բացատրում․
«Օրենսդրական փոփոխություններով ոչ միայն խստացվում են բռնարարի նկատմամբ նախատեսվող պատժամիջոցները, այլև վերանայվում է բռնության դեպքերին արձագանքելու մոտեցումը։ Նախագծով նախատեսվում է հրաժարվել նախազգուշացման մեխանիզմից՝ ֆիզիկական բռնության դեպքերում առաջնահերթությունը տալով տուժողի անվտանգության ապահովմանը»։
Սոնա Ղազարյանը նկատում է՝ իրավապահներին դիմելու որոշումը շատ կանանց համար հեշտ չէ, և երբ այդ քայլին, այնուամենայնիվ, հասնում են, դա դեռևս չի նշանակում, որ բռնության մեկ դեպք է եղել, նշանակում է՝ իրավիճակն արդեն շատ է սրվել։
«Գիտենք, թե որքան բարդ է կնոջը դիմել իրավապահ համակարգի, և եթե զանգի պահը հասունացել է, ապա սա ոչ առաջին դեպքն է, ոչ երկրորդը, ոչ երրորդը, վստահ եմ։ Սա նշանակում է, որ նախազգուշացումն այլևս տրամաբանություն չունի, իմաստ չունի և կնոջ համար ամենավտանգավոր պահն է»։
Փաթեթի մյուս առանցքային փոփոխությունը քրեական վարույթի ընթացքին է վերաբերում։ Ընտանեկան բռնության դեպքի քննությունն այլևս կախված չի լինելու միայն տուժողի հետագա դիրքորոշումից։
«Անկախ նրանից՝ ով կլինի բողոքողը, բողոքը հետ կվերցնեն, թե ոչ, պետությունը որպես բռնությանն արձագանքող որոշում է կայացնում, որ անկախ այդ ամենից պետք է քննությունը շարունակել։ Կարող է լինել զոհը, կարող է լինել ականատեսը, կարող է իրավապահ մարմիններն իրենց օպերատիվ գործողությունների միջոցով հայտնաբերել, քննությունը կարվի մինչև տրամաբանական ավարտը»։
Փոփոխությունների նախագծով ընտանեկան և կենցաղային բռնությունը Քրեական օրենսգրքում կսահմանվի որպես առանձին հանցակազմ, իսկ բռնության բոլոր դեպքերը կդառնան հանրային մեղադրանքի գործեր։
Օրենքի փոփոխությունների նախագիծը ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ավելի վաղ նաև ընդդիմադիր պատգամավորներին էր առաջարկել ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական փոփոխությունների քննարկմանը միանալ։ Առաջարկը մերժվել էր։ Զարուհի Բաթոյանն ասում է՝ դեռ չի կորցնում հույսը, որ ընդդիմադիր պատգամավորները, այնուամենայնիվ, կմիանան նախաձեռնությանը։
«Որովհետև սա շատ կարևոր է այն իմաստով, որ բոլորս միասին կարող ենք քվեարկել նախագծին, ինչը կնշանակի, որ մենք բոլորս դեմ ենք բռնությանը՝ անկախ մեր քաղաքական հայացքներից»։
Ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փոփոխությունների թեման հանրային օրակարգում ակտիվորեն բարձրացրել էր նաև Աննա Հակոբյանը։ «Հայաստանում ընտանեկան բռնությունը օրենքով թույլատրելի է» ձևակերպմամբ տեսանյութին հաջորդել էր նրա նախաձեռնությամբ ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավը։ ԱԺ բերված օրենսդրական նախագծի հեղինակների ներկայացմամբ՝ նպատակը բռնության դեպքերին պետության արձագանքն ուժեղացնելն է, տուժողների անվտանգությունն առաջնահերթ դարձնելը և կրկնվող բռնությունը կանխելը։