Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ. նախարար

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ՝ գործընկերների հետ քննարկումներն ամփոփելուց հետո։

Նա նաև ընդգծել է, որ օրերս համացանցում տարածված տեքստը որևէ փուլում Արդարադատության նախարարության մշակած աշխատանքային կամ սևագիր տարբերակ չի եղել։

Նախարարի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը ևս հնարավորություն ունեն ներգրավվելու Սահմանադրության վերաբերյալ քննարկումներին՝ այդ թվում մինչև ամբողջական տեքստի հրապարակումը։

Նախարարը նշել է, որ նախագծի հրապարակումից հետո նախատեսվում է անցնել լայն հանրային հաղորդակցության և քննարկումների փուլին։

«Տեքստի հրապարակումից հետո մենք ձեռնամուխ ենք լինելու հանրային կոմունիկացիային և, ըստ էության, այդ տեքստի շրջանառմանը։ Հավաքելու ենք բոլոր շահագրգիռ մարմինների և անձանց կարծիքները, քննարկելու դրանք և մտածելու, թե ինչ ուղղությամբ է արդյոք փոփոխվելու Սահմանադրության տեքստը կամ չի փոփոխվելու»,- ասել է Գալյանը՝ շեշտելով, որ հրապարակվելիք փաստաթուղթը վերջնական տարբերակ չի լինելու։

«Այն տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական տեքստ, այլ լինելու է նախագիծ, որը անցնելու է շրջանառության համապատասխան փուլերով։ Եվ այդ փուլերում ես ևս չեմ բացառում, եթե ցանկություն լինի, մեր ընդդիմադիր գործընկերների հետ քննարկել տեքստը, միասին աշխատել»,- ասել է Գալյանը։

 

Leave a Comment