Երևանում անցկացվելիք COP17-ը փոխելու է նաև քաղաքի սովորական ռիթմը։ Հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանի ուսումնական հաստատություններում դասեր չեն անցկացվի, իսկ բաց թողնված ուսումնական օրերը լրացնելու համար դպրոցներն արդեն անցել են վեցօրյա աշխատանքային ռեժիմի։ Սակայն սա նաև աշխատող ծնողների համար երեխաների առօրյան վերակազմակերպելու խնդիր է դարձել։
Երևանը հոկտեմբերի 19-ից 30-ը ապրելու է ոչ սովորական ռիթմով։ Քաղաքում անցկացվելու է ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովը՝ COP17-ը, և դրա օրերին մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում դասեր չեն անցկացվի։ Տասնյակ երկրների պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ են հավաքվելու Երևանում՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանմանն առնչվող հարցեր։ Սպասվում է շուրջ 1500 հյուրի այց։
Միջազգային խոշոր միջոցառման կազմակերպման բերումով փոխվում է նաև դպրոցականների առօրյան։ Աշնանային արձակուրդը մեկ շաբաթից դառնում է երկու շաբաթ, իսկ բաց թողնված ուսումնական օրերը լրացնելու համար դպրոցներն արդեն անցել են վեցօրյա աշխատանքային ռեժիմի։ Այս որոշումը, սակայն, ծնողների համար մի քանի գործնական հարց է առաջացնում․ ինչպե՞ս են այդ երկու շաբաթը կազմակերպելու այն ընտանիքները, որտեղ ծնողները շարունակում են աշխատել։ Դպրոցականի մայր Գոհարը հիմնական խնդիրը հենց երեխաների այդ երկու շաբաթվա առօրյայի կազմակերպումն է համարում։
«Ավելի շատ այն է խնդիր, որ եթե ես ու ամուսինս աշխատում ենք, երեխան այդ ժամերին առավոտից տանը մենակ ո՞նց է կազմակերպվում»։
«Ռադիոլուրի» հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը մանրամասնում է, թե որոշումը Երևանի որ ուսումնական հաստատությունների վրա է տարածվում, և ինչու է ընտրվել կազմակերպման հենց այս տարբերակը։
«Որոշումը վերաբերում է Երևան քաղաքում տեղակայված բոլոր հաստատություններին, կոնկրետ դպրոցների մասով տեղեկատվությունը՝ շրջաբերականը, որը ուղարկվել է, որևէ բացառություն չի սահմանել՝ պետական, ոչ պետական կամ ըստ գտնվելու վայրով պայմանավորված։ Այդպես է, որովհետև խոսքն այն մասին է, որ երեխաների և ծնողների համար էլ հասանելիությունը շատ սահմանափակ գուցե լինի Երևանի տարբեր մասերում»։
ԿԳՄՍՆ-ի պարզաբանմամբ՝ խոսքը միայն առանձին դպրոցների կամ COP17-ի անցկացման վայրին հարակից տարածքների մասին չէ․ որոշումը Երևանի բոլոր ուսումնական հաստատությունների համար է։
Մեկ այլ ծնող՝ Լուսինեն, կարծում է, որ վեցօրյա գրաֆիկը բոլոր երեխաների վրա նույն կերպ չի անդրադառնա։
«Էրեխեքը 2 շաբաթ ազատ են, հետո միանգամից ծանրաբեռնված գրաֆիկով դասի։ Ուրիշ տարբերակներ կարող էին առաջարկել։ Օրինակ՝ թող օնլայն դասերը 2 շաբաթ անցնեին»։
Հեռավար ուսուցումը, սակայն ԿԳՄՍՆ-ում նպատակահարմար չեն համարում։
«Հաշվի առնելով տարբեր հնարավորությունները և՛ դպրոցների, և՛ ընտանիքների ու էն փորձառությունը, որ մենք ունենք՝ հեռավարը շատ ավելի ծայրահեղ, ավելի արտակարգ իրավիճակներով պայմանավորված լուծում կարող է լինել, բայց համընդհանուր ամբողջ համակարգը անցնել հեռավար կրթության նպատակահարմար չէ։ Էստեղ մոտեցումն այն է, որ միանշանակ մոտեցում պետք է լինի»։
Այս դեպքում, սակայն, ծնողներն այլ հարցերի առաջ էլ են կանգնում՝ խմբակներ կամ այլ կրթական զբաղվածության կազմակերպում։ Այս հարցերը պետք է ինքնուրույն կարգավորել։
Փոփոխությունները միայն դպրոցներին չեն վերաբերում։ Շրջակա միջավայրի նախարարությունը պետական մարմիններին, գերատեսչություններին և տարբեր կազմակերպություններին առաջարկել է այդ ժամանակահատվածում հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել հեռավար՝ COP17-ի անցկացման օրերին աշխատանքային գործընթացը հնարավորինս թեթևացնելու համար։ Սակայն սա առաջարկ է, ոչ թե բոլոր աշխատողների համար սահմանված աշխատանքային ռեժիմ։ Ուստի աշխատող ծնողի խնդիրն ինքնաբերաբար չի լուծվում․ նրա աշխատանքային պայմանները և երեխայի խնամքի հարցերը պետք է կազմակերպվեն առանձին։
COP17-ը Երևանի համար միջազգային նշանակության միջոցառում է, Հայաստանը համաժողովը հյուրընկալում է առաջին անգամ՝ ստանձնելով կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի կարևոր քննարկումների կազմակերպումը։