Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանն առաջին հանդիպումն է անցկացրել իսրայելական «Իրոնի Տիբերիասի» կազմում։
Իսրայելի առաջնության 4-րդ տուրի՝ «Հապոել Երուսաղեմի» դեմ խաղում Միրանյանը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։
Չորս տուրից հետո «Իրոնի Տիբերիասը» տարել է երկու հաղթանակ, մեկ անգամ ոչ-ոքի խաղացել և կրել մեկ պարտություն։ Սակայն թիմը զբաղեցնում է նախավերջին տեղը՝ ունենալով ընդամենը մեկ միավոր, քանի որ մրցաշրջանի մեկնարկից առաջ ֆեդերացիայի որոշմամբ թիմից հանվել էր վեց միավոր։ Առանց այդ պատժի ակումբը կունենար յոթ միավոր և կզբաղեցներ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։
«Իրոնի Տիբերիասը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 19-ին՝ «Մաքքաբի Հայֆայի» դեմ։