
Սեպտեմբերի 19-20-ը Երևանի «Երազ» այգում տեղի կունենա «Մեղրատոն 2026» մեղրի և մեղվամթերքի ցուցահանդես-վաճառքը, որը կհամախմբի Հայաստանի բոլոր մարզերի մեղվաբույծներին, արտադրողներին և մեղրասերներին։
Արդեն չորրորդ տարին անցկացվող «Մեղրատոն»-ի նպատակն է խթանել տեղական մեղրի և մեղվամթերքի վաճառքը՝ ստեղծելով անմիջական շփման և համագործակցության հնարավորություն սպառողների, արտադրողների և ոլորտային կազմակերպությունների միջև։
«Մեղրատոն»-ը նպաստում է նաև ոլորտում նորարարական մոտեցումների ներդրմանը, մեղվաբուծական տնտեսությունների արտադրողականության բարձրացմանը և ոլորտի կայուն զարգացմանը: Մասնակիցներն ու այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու արհեստական բանականության միջոցով «խելացի» փեթակների կառավարման մոտեցումներին։
Միջոցառմանը կանցկացվեն մասնագիտական քննարկումներ մեղվաբուծության ոլորտում առկա մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև վարպետաց դասեր մեղուների հիվանդությունների կանխարգելման և հաղթահարման, մեղվամթերքի ստացման տեխնոլոգիաների և դրանց առաջխաղացման ուղիների վերաբերյալ:
Կներկայացվեն նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում գործող «Մեղվաբուծության Դարբնոց» գիտաարտադրական հետազոտական կենտրոնի ծառայությունները։