«Հաղթաթուղթը միասնությունն է»․ «Արարատ-Արմենիան» պատրաստ է «Սպարտայի» դեմ խաղին

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան և թիմի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանը Պրահայի «Սպարտայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ թիմը պատրաստ է հանդիպմանը և խաղադաշտ է դուրս գալու հաղթանակի համար։

Համբարձումյանը նշել է, որ պատրաստ է առաջիկա հանդիպմանը՝ չնայած իր մարզավիճակն ավելի վաղ ստացած վնասվածքից հետո դեռ լավագույնը չի համարում։

«Չեմ կարող ասել, որ լավ մարզավիճակում եմ, սակայն գործնականում ոչ մի խնդիր չունեմ։ Պատրաստ եմ գալիք խաղին»,- ասել է նա։

Ֆուտբոլիստի խոսքով՝ տնային հանդիպումներում թիմին լրացուցիչ ուժ է տալիս երկրպագուների աջակցությունը։

«Մեզ համար տնային հանդիպումներն այլ մթնոլորտում են անցնում, մենք զգում ենք երկրպագուների ներկայությունը, այն մեզ ուժ է տալիս։ Մեր հաղթաթուղթը կարող է միասնությունը լինել»,- նշել է Համբարձումյանը։

Նա ընդգծել է, որ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները կենտրոնացած են հաղթանակի վրա։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան նշել է, որ թիմը եվրոպական մրցաշարի այս փուլին հասնելու ճանապարհին բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել։

Նա ընդգծել է, որ ակումբի համար նման հաջողությունները չպետք է դիտվեն որպես առանձին պատմական իրադարձություններ․ նպատակը դրանք շարունակական դարձնելն է։

«Հաղթանակները ոչ թե պատմական պահ, այլ սովորություն պետք է դառնան»,- շեշտել է Տուլիպան։

Մարզչի խոսքով՝ «Արարատ-Արմենիան» պատրաստ է Պրահայի «Սպարտայի» դեմ հանդիպմանը և խաղադաշտ է դուրս գալու հաղթանակի համար։

«Արարատ-Արմենիան» դարձել է հայկական առաջին ակումբը, որը դուրս է եկել Եվրոպա լիգայի խաղարկության հիմնական փուլ։ Ուղեգիրը թիմը նվաճել էր՝ հաղթելով ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Հայկական ակումբը Եվրոպա լիգայի հիմնական փուլում մրցելույթները կսկսի այսօր՝ սեպտեմբերի 16-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Պրահայի «Սպարտային»։

Leave a Comment