Քրեակատարողական համակարգում նոր սահմանափակում է առաջարկվում․ ի՞նչ է փոխվելու

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Արդարադատության նախարարության կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին 2024 թվականի օրենքը և խաղային գործունեությանը մասնակցելու գործող սահմանափակումը տարածել քրեակատարողական ծառայության համակարգում աշխատող բոլոր հանրային ծառայողների վրա։ 

Ի՞նչ է գործում այսօր

2024 թվականին օրենքում սահմանվել է, որ քրեակատարողական ծառայողին արգելվում է մասնակցել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված խաղերին։

Բացառություն է նախատեսված միայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում մասնակցելու դեպքերի համար։

Իսկ ո՞ւմ վրա չի տարածվում սահմանափակումը

Գործող կարգավորումը վերաբերում է քրեակատարողական ծառայողներին, սակայն քրեակատարողական համակարգում աշխատում են նաև այլ հանրային ծառայողներ, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողներ։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ սա կարող է խնդրահարույց լինել, քանի որ այդ անձինք նույնպես աշխատում են նույն անվտանգային միջավայրում և որոշ դեպքերում ներգրավված են դատապարտյալներին վերաբերող կարևոր գործընթացներում։

Ի՞նչ գործընթացների են մասնակցում քաղաքացիական ծառայողները

Ըստ նախագծի հիմնավորման՝ քրեակատարողական ծառայության համակարգում որոշ քաղաքացիական ծառայողներ մասնակցում են, մասնավորապես՝

  • դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ գործընթացներին,
  • պատժի կրման անվտանգային գոտու տեսակը փոխելու գործընթացներին,
  • համապատասխան փաստաթղթերի կազմմանը,
  • դատապարտյալների բողոքների վերաբերյալ դատական գործընթացներին՝ որպես քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ։

Այսինքն՝ նախագծի տրամաբանությամբ՝ նրանց գործունեությունն ու քրեակատարողական ծառայողների աշխատանքը որոշ դեպքերում կարող են նույն անվտանգային ռիսկերի շրջանակում լինել։

Ի՞նչ է առաջարկվում

Նախագծով առաջարկվում է «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին 2024 թվականի ՀՕ-278-Ն օրենքում «Քրեակատարողական ծառայողին» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներին» բառերով։

Արդյունքում սահմանափակումը կտարածվի ոչ միայն քրեակատարողական ծառայողների, այլև համակարգում աշխատող մյուս հանրային ծառայողների վրա։

Ինչո՞ւ է սա արվում

Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ նպատակն է կանխել խաղային գործունեությանը մասնակցության հետ կապված հնարավոր ռիսկերը և նույն համակարգում աշխատող հանրային ծառայողների համար սահմանել միասնական սահմանափակում։

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի։

Leave a Comment