ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհուրդն անցկացրել է ընթացիկ տարվա իր երրորդ նիստը՝ քննարկելով արտաքին քաղաքականության առանցքային հարցերը։ Նիստի ժամանակ ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է նախորդ հանդիպումից հետո արտաքին քաղաքական ոլորտում արձանագրված զարգացումներին, ընտրություններից հետո ՀՀ կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական բաղադրիչին ու առաջնահերթություններին, ինչպես նաև դրանց իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և հետագա հեռանկարներին։
Ուշադրություն է դարձվել խաղաղության օրակարգի շարունակական իրականացմանը, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման համար գործադրվող ջանքերին, ինչպես նաև հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման և/կամ կարգավորման գործընթացներին։
Միրզոյանը ներկայացրել է ապաշրջափակման պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների ու փոխկապակցվածության զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցային ցանցում Հայաստանի արդյունավետ ինտեգրման վերաբերյալ մոտեցումները։
Քննարկման առարկա են դարձել նաև փոխշահավետ միջազգային գործընկերությունների զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։ Այս ուղղությամբ արձանագրված ակտիվ դինամիկան առանձնակի ընդգծվել է։
Մանրամասն քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցերը, իսկ եվրոպական ինտեգրման տարբեր ոլորտներում կարևորվել է հստակ արդյունքների հասնելուն ուղղված փոխգործակցությունը։
Մասնակիցները մտքեր են փոխանակել ՀՀ դիմակայունության բարձրացման նպատակով իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ՝ ներառյալ տնտեսական, էներգետիկ և սոցիալ-հոգեբանական մակարդակները։
Միրզոյանը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին, որից հետո մասնակիցների միջև մտքերի հետաքրքիր փոխանակություն է տեղի ունեցել։