
ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը խոսեց Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին. «Շատ է խոսվում ռազմաբազայի մասին, ենթատեքստն այն է, որ մեր իշխանական գործընկերները ցանկանում են, որ այն դուրս բերվի: Հաշվի առնելով այն, որ ռազմաբազայում ծառայում են շուրջ 5000 զինծառայողներ, Գյումրիում ձևավորվել է շուրջ 15 000 աշխատատեղ: Երեկ այստեղ տեսակետ հնչեց, որ մեր քաղաքական առաջնորդ Սամվել Կարապետյանն ասել է՝ ռուսական ռազմաբազայի դուրս գալու դեպքում ՀՀ-ն անտեր կմնա: Շատ ճիշտ է ասել նա: Եթե պատասխանատվություն չեն ստանձնում մեր իշխանությունները, որ ՀՀ ամենաաղքատ մարզում՝ Շիրակում, 15 000 աշխատատեղի կորստի վտանգ կա ու մեր ժողովուրդն անտեր կմնա, դա չգիտակցելը չեմ հասկանում»,- ասաց պատգամավորը: