Թբիլիսիում ներկայացվել է Trump Tower Tbilisi բնակելի համալիրի նախագիծը

Թբիլիսիում ներկայացվել է Trump Tower Tbilisi բնակելի համալիրի նախագիծը

Վրաստանի մայրաքաղաքում ներկայացվել է Trump Tower Tbilisi խոշոր համալիրի նախագիծը։ Այն նախատեսվում է կառուցել Թբիլիսիի կենտրոնում՝ շուրջ 600 հազար քմ տարածքում։ Համալիրը ներառելու է բիզնես կենտրոն, հյուրանոց, առևտրային և ժամանցի տարածքներ։

Նախագծի կենտրոնական հատվածում նախատեսվում է 70-հարկանի շենք, որը, ըստ ծրագրի, կդառնա Վրաստանի ամենաբարձր շենքը։ Ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է շուրջ 2 մլրդ դոլար։

«Trump Tower Tbilisi-ի նախագիծը հազարավոր աշխատատեղեր կստեղծի մեր երկրում, երկարաժամկետ պատվերներ կապահովի վրացական շինարարության ոլորտի համար և էական խթան կհաղորդի երկրի տնտեսությանը։ Վրաստանի կառավարությունը շարունակելու է ակտիվորեն աջակցել նմանատիպ նախագծերին՝ խրախուսելով ներդրողներին իրականացնել մասշտաբային և երկարաժամկետ ծրագրեր»,- շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին նշել է, որ վստահ է՝ վրացական և ամերիկյան կապիտալի համադրությամբ իրականացվող այս խոշոր միջազգային նախագիծը կդառնա Թբիլիսիի նոր այցեքարտը և զգալիորեն կնպաստի երկրի ներդրումային գրավչության ու միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

Նախագծի շնորհանդեսին հեռավար մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment