Ծորակի ջրի մասին տարածվող տեղեկությունը թյուրըմբռնման տեղիք է տվել․ նախարարությունը պարզաբանում է

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ երեկվանից ֆեյսբուքյան օգտատեր տարբեր խմբերում տարածում են նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Ծավի խմելու ջրի թեմայով գրառումից կիսատ, կոնտեքստից կտրված մի հատված, որը թյուրըմբռնման տեղիք է տալիս:

«Տպավորություն է ստեղծվում՝ կարծես նախարարը կոչ է անում բոլոր բնակիչներին ծորակից ջուր չօգտագործել, մինչդեռ նախարարի հորդորը վերաբերում է միմիայն Ծավ գյուղի բնակիչներին:

Նախարարի նկարն ու գրառումից կտրված հատվածն օգտագործելով ու ապատեղեկատվություն տարածելով՝ անհարկի անհանգստություն եք առաջացնում բնակչության շրջանում:

Խնդրում եմ ուշադիր եղեք, թե ինչ եք տարածում և ստուգեք պաշտոնական աղբյուրը»,- ասվում է  գրառման մեջ:

Leave a Comment