Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է Հայաստանում գնաճի ընթացիկ ցուցանիշներն ու հիմնական ռիսկերը, անդրադարձել Ռուսաստանից ներմուծվող գազի գնի հնարավոր թանկացման, տոկոսադրույքների հետագա բարձրացման և տնտեսական աճի նվազման սցենարներին։ ԿԲ անդամների ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Գնաճը և հիմնական ռիսկերը
ԿԲ տվյալներով՝ օգոստոսին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 4,4%, իսկ բնականոն գնաճը՝ 4,8%՝ գերազանցելով ԿԲ-ի 3% թիրախը։
Գալստյանի խոսքով՝ նախորդ ամիսներին գնաճը հիմնականում պայմանավորված էր առաջարկի գործոններով, այդ թվում՝ միջազգային շուկաներում ապրանքների թանկացմամբ, սակայն այժմ դրան միացել է նաև պահանջարկը։ ԿԲ-ն արձանագրել է ինչպես ներքին պահանջարկի բարձր մակարդակ, այնպես էլ արտաքին պահանջարկի աճ՝ այդ թվում Հայաստան այցելությունների ավելացման ֆոնին։
Ավելցուկային պահանջարկի մասին, ըստ ԿԲ-ի, վկայում են նաև շինարարության և ծառայությունների աճը, վերջնական սպառման ապրանքների ներմուծման ու մանրածախ առևտրի բարձր ցուցանիշները։ Գալստյանը նշել է նաև ակտիվների, այդ թվում՝ անշարժ գույքի գների աճը։
Արտաքին ռիսկերի թվում ԿԲ-ն առանձնացրել է տարածաշրջանային հակամարտությունների շարունակումն ու հնարավոր ընդլայնումը։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում լարվածության պայմաններում էներգակիրների գները պահպանվում են բարձր մակարդակում, իսկ պաշարների նվազումը մեծացնում է շուկայի խոցելիությունը առաջարկի նոր ցնցումների նկատմամբ։
Միաժամանակ, ըստ նրա, ԱՄՆ-ում հարկաբյուջետային կայունության շուրջ մտահոգությունները մեծացնում են երկարաժամկետ տոկոսադրույքների հնարավոր աճի ռիսկերը, իսկ եվրոգոտում և Ռուսաստանում կառուցվածքային խնդիրները վատթարացնում են տնտեսական աճի միջնաժամկետ հեռանկարները։
Գազի հնարավոր թանկացումը
ԿԲ-ն, նրա խոսքով, դիտարկել է նաև Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազի հնարավոր թանկացման սցենարը։
ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացման ֆոնին ռուս պաշտոնյաները դեռ մայիսից հայտարարել էին ՀՀ մատակարարվող գազի գնի շուրջ հնարավոր վերանայումների մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան, ակնարկել էր, թե ռուսական գազի թանկացման դեպքում ՀՀ-ն ևս կարող է «թանկացնել որոշ բաներ»։
Գալստյանի խոսքով՝ գազի գնի հնարավոր թանկացումը կարող է ուղղակիորեն բարձրացնել ընդհանուր գնաճը, ինչպես նաև փոխանցվել այլ ապրանքների ինքնարժեքին, այդ թվում՝ ջերմոցային տնտեսությունների արտադրանքին։
«Գազի գինը կարող է մտնել նաև այլ ապրանքների ինքնարժեքի մեջ՝ մեր ջերմոցներ, արտադրանք և այլն, ու բնականաբար կարող է իր հետ բերել նաև որոշակի ռիսկ՝ կապված մեր տնտեսության անկման հետ»,- ասել է նա։
Գալստյանն այս սցենարը բնորոշել է որպես «ավելի ապոկալիպտիկ»՝ նշելով, որ դրա իրականացման դեպքում ԿԲ-ի արձագանքը պետք է լինի «ավելի ուժգին և դուրս բնականոն քաղաքականության շրջանակից»։
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը
ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 15-ին ԿԲ խորհուրդը քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 6,75%։
Գալստյանի խոսքով՝ որոշումը հիմնականում պայմանավորված է պահանջարկից բխող գնաճային ճնշումների ուժեղացմամբ։ Նրա խոսքով՝ տոկոսադրույքի բարձրացմամբ ԿԲ-ն թանկացնում է փողի գինը՝ նպատակ ունենալով զսպել սպառումն ու գնաճը։ Գալստյանը նշել է, որ 0,25 տոկոսային կետի բարձրացումը մեծ փոփոխություն չէ, սակայն շուկային ազդակ է ԿԲ-ի՝ գնաճային ռիսկերի վերաբերյալ մտահոգությունների մասին։
Վարկերի տոկոսադրույքները կարող են բարձրանալ
Գալստյանը չի բացառել նաև բանկային տոկոսադրույքների հետագա բարձրացումը։
«Եթե ցիկլը շարունակվի ու մենք տեսնենք, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե ժամանակավոր է, այլ տրենդ, ապա, այո, Հայաստանի Հանրապետությունում պետք է ակնկալել ավելի բարձր տոկոսադրույքների մակարդակ»,- ասել է նա։
Տնտեսական աճի նվազման սցենարը
ԿԲ-ն միաժամանակ դիտարկում է տնտեսական աճի էական նվազման սցենարը։ Գալստյանի խոսքով՝ այն կարող է իրականանալ համաշխարհային տնտեսության աճի թուլացման, դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների և այլ տնտեսական խնդիրների դեպքում։
«Կարող է լինել իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունում այս երկար տարիների աճից հետո տնտեսությունում տեղի ունենան որոշակի խնդիրներ»,- ասել է նա։
Եթե այդ ռիսկերն իրականանան և տնտեսական աճն էապես նվազի, ԿԲ-ն, ըստ Գալստյանի, կարձագանքի հակառակ ուղղությամբ, ինչը կարող է ենթադրել ավելի ցածր տոկոսադրույքի քաղաքականություն։
Այս պահին, սակայն, ԿԲ խորհրդի հիմնական մտահոգությունը պահանջարկի աճից բխող գնաճային ռիսկերն են։
