Սյունիքի մարզի Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը քաղաքացի Վ․Ս․-ին թրաֆիքինգի և աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի մեղադրանքով կալանավորվել է, հայտնել է Քննչական կոմիտեն։
Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը), որը պատժվում է առավելագույնը 8 տարի ժամկետով ազատազրկմամբ։
2020 թվականից որպես անասնապահ աշխատող քաղաքացուն Մինասյանը խոստացված 150 000-200 000 դրամ աշխատավարձի փոխարեն վճարել է ընդամենը 50 000-100 000 դրամ։
Մինասյանը հայտարարել է, թե իբր Վ․Ս․-ն իրեն 6 մլն դրամ է պարտք և պետք է շուրջ 3 տարի աշխատի անվճար։ Քննությամբ հիմնավորվել է, որ այդ գումարն արհեստականորեն չափազանցված է։
ՔԿ-ի տեղեկությամբ տուժողն աշխատել է ամեն օր՝ առավոտյան 06:00-ից մինչև գիշերը 01:00-ն։ Անասունի կորստի, ուշ արթնանալու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի չգնալու դեպքերում Մինասյանը նրան ծեծել է, հայհոյել և սպառնացել։
ՔԿ-ի տվյալներով՝ անասնապահը մի քանի անգամ փախել է Երևան, սակայն Մինասյանը հարազատների վրա ճնշում գործադրելով, գտել է նրան, վերադարձրել և սահմանել 24-ժամյա հսկողություն՝ արգելելով աշխատանքից հետո որևէ տեղ գնալ։
