Ալիևը հայկական կողմին մեղադրում է մզկիթներ ավերելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրոնական առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթաց է ընթանում՝ վստահություն հայտնելով, որ այդ խաղաղությունը երկարատև կլինի:

Միևնույն ժամանակ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ նշելով, թե «65 մզկիթ ամբողջությամբ ավերվել է հայկական պետության կողմից, իսկ որոշները գտնվում էին կիսավեր վիճակում»։

«Դուք հավանաբար տեսել եք լուսանկարները. Հայաստանը դիտավորյալ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր և կովեր է պահել մզկիթներում՝ մեզ վիրավորելու և նվաստացնելու համար։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա և չենք մոռանա», – ասել է Ալիևը։

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ օրերս Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել էր Գանձասարի վանական համալիր, պնդել, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են, ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ: Բացելով հին ձեռագրերի մակետները՝ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել դատարկ էջերը, ինչին ներկաները արձագանքել էին ծիծաղով:

Leave a Comment