Բունդեսթագի պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, հանձնաժողովի փոխնախագահ Սոնա Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Տաթևիկ Գասպարյանը, Արեգա Հովսեփյանը, Սուրեն Հովհաննիսյանը և Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակության հետ։

Ողջունելով հյուրերին՝ Հարություն Հարությունյանն արժևորել է Հայաստան-Գերմանիա դինամիկ զարգացող հարաբերությունները։

Խոսելով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է եվրոպական չափանիշներին համապատասխան թե՛ պետական ապարատ, թե՛ անկախ դատական համակարգ և թե՛ դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալու հնարավորությունը։

Ազգային ժողովի պատգամավորները խոսել են Գերմանիայի հետ տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական, կրթության, առողջապահության բնագավառներում համագործակցության խորացման և փորձի փոխանակման անհրաժեշտության մասին։

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին։ Այդ հարցում առաջընթացի ապահովման համար ընդգծվել է Գերմանիայի դերակատարությունն ու աջակցությունը։

Հյուրերը խոսել են երկկողմ գործակցությունից, կարևորել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։

Leave a Comment