Համայնքային ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, վարձակալած ավտոտնակում պատրաստում, շշալցնում և իրացնում է օղի ու կոնյակ։ Ըստ օպերատիվ տեղեկության՝ 43-ամյա տղամարդը կեղծ ալկոհոլային խմիչքն իրացնում է 41-ամյա համաքաղաքացու միջոցով՝ նրա կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 10-ին կատարված զննությամբ Ավետիսյան փողոցում գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է 7504 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք։
Կատարվում է նախաքննություն։

Ապօրինի ձեռնարկատիրությունն ինքնին քրեորեն պատժելի արարք է, իսկ նման դեպքերում կարող է նաև վտանգվել մարդկանց առողջությունը:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ։

Leave a Comment