Արմավիրում ՊՆ-ի համար 2,3 հա հողատարածք են տրամադրում․ այնտեղ ուսումնական կենտրոն կկառուցվի

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ՊՆ-ի օգտագործած զորավարժադաշտի տարածքում ուսումնական կենտրոն կկառուցվի։ Դրա համար համայնքը 2,316 հա հողատարածքը որպես նվիրատվություն կփոխանցի Հայաստանի Հանրապետությանը՝ այն հետագայում Պաշտպանության նախարարությանը ամրացնելու նպատակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 11-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2026 թվականի հուլիսի 16-ի N090-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը նվիրված անշարժ գույքը որպես պետական սեփականություն ընդունելու և ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացնելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։

Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից օգտագործվող զորավարժադաշտի տարածքում մոդուլային շարժական շենքերով ուսումնական կենտրոն կառուցելու նպատակով առաջացել է 2,316 հա հողամասի անհրաժեշտություն: Քանի որ քննարկվող՝ 04-066-0127-0015 կադաստրային ծածկագրով հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն, առաջացել է նշված հողամասը ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացնելու անհրաժեշտություն, որն էլ կարող է կարգավորվել տվյալ հողամասը Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն տրամադրելու և ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացնելու միջոցով: Այդ առնչությամբ համայնքն իր պատրաստակամությունն է հայտնել նշված հողամասը որպես նվիրատվություն փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ այդ նպատակով փոփոխվել է նաև հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը հատուկ նշանակության հողերի:

Կարգավորման նպատակը և բնույթը։

Որոշման նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրված գույքն ընդունվում է որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացվում է Պաշտպանության նախարարությանը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ ։

Որոշման նախագծի ընդունումը 2026թ. պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում, քանի որ շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսված են «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջացառումների մասին» ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1910-Ն որոշմամբ:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և /կամ/ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 5-րդ պարբերության և 3-րդ կետի պահանջների ապահովման հետ, ի դեմս՝ կառուցել ապագայի բանակ՝ իր սպառազինությամբ, կառավարման և ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգով, կազմկառուցվածքով և պատերազմավարական եղանակներով և Զինված ուժերի և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով հասնելու արդյունավետության բարձրացման, մասնավորապես մեծ շարժունակությամբ օժտված մարտական կազմավորումների ձևավորման կատարման:

Leave a Comment