Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է պարզեցնել պետական և համայնքային գույքի վարձակալության պայմանների խախտման դեպքում վարձակալության իրավունքի դադարեցման ընթացակարգը։ Նախատեսվում է, որ եթե վարձակալը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով նախատեսված պարտավորությունները, խախտման փաստը կարող է արձանագրվել Կառավարության որոշմամբ, որի հիման վրա վարձակալության իրավունքի պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել։
Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծերի մշակման հիմք է հանդիսացել 2026 թվականի հուլիսի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ կայացած խորհրդակցությունը, մասնավորապես՝ N ՓՎ/78-2026 արձանագրության 3-րդ կետի 5-րդ ենթակետով Կադաստրի կոմիտեին տրված հանձնարարականը։ Նշված հանձնարարականով նախատեսվել է մշակել և սահմանված կարգով շրջանառել օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ ուղղված վարձակալության պայմանագրի կետերի խախտման հիմքով վարձակալության պայմանագրի դադարեցման ընթացակարգի պարզեցմանը։
Կարգավորման առարկան և բնույթը.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ նվիրաբերության հետ կապված հարաբերությունները կարգավորող 605-րդ հոդվածում՝ սահմանելով, որ այն դեպքում, երբ նվիրաբերողը Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը, և նվիրաբերություն ստացողը նվիրաբերված գույքն օգտագործում է նվիրաբերողի սահմանած նշանակությանը ոչ համապատասխան կամ այդ նշանակությունը փոփոխում է նույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված պահանջների խախտմամբ, նվիրաբերությունը վերացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Միաժամանակ նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումը հիմք է հանդիսանում նվիրաբերության պայմանագրի հիման վրա գրանցված սեփականության իրավունքի դադարման պետական գրանցման համար։
Վերոնշյալ կարգավորումներով պայմանավորված՝ նախագծերի փաթեթով համապատասխան լրացումներ են առաջարկվում նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածում, որը կարգավորում է իրավունքի դադարման պետական գրանցման և գրանցված իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես՝ հոդվածը լրացվում է նոր՝ 2.2-րդ մասով, համաձայն որի՝ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը հանդես է գալիս որպես նվիրաբերող, նվիրաբերության պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել օրենքով նախատեսված հիմքերի առկայությամբ ընդունված՝ նվիրաբերությունը վերացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա։
Միաժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասը, որով սահմանվում են գույքի սեփականատեր չհանդիսացող անձի այլ գույքային իրավունքների պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը, լրացվում է նոր՝ 6-րդ կետով։ Առաջարկվող կարգավորման համաձայն՝ եթե վարձատուն Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը, ապա պետական կամ համայնքային անշարժ գույքի վարձակալության պայմանագրով նախատեսված պարտավորությունները վարձակալի կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Նման դեպքում վարձակալության իրավունքի պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել համապատասխան պետական մարմնի կամ համայնքի գրավոր դիմումի հիման վրա՝ դիմումին կից ներկայացնելով Կառավարության համապատասխան որոշումը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի պետական և համայնքային գույքի նպատակային օգտագործման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն, ինչպես նաև նվիրաբերության պայմանների և վարձակալական պարտավորությունների խախտման դեպքերում գրանցված իրավունքների դադարման պարզեցված և արագ ընթացակարգ։ Կարգավորումները կնպաստեն պետական և համայնքային գույքի առավել արդյունավետ կառավարմանը և իրավական որոշակիության բարձրացմանը։
Նախագծիընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունները.
Նախագծերի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխություններ չի առաջացնում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում Հայաստանի Հանրապետության ռազմավարական փաստաթղթերից: