Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։
«Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մայր Աթոռն առանձնապես ցավալի և մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Մայր Աթոռն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։
Եկեղեցին հիշեցրել է, որ բազմիցս ահազանգել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։
Նշվում է, որ Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։
Մայր Աթոռը կոչ է արել բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։
«Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է»,- եզրափակել է Մայր Աթոռը։
Ավելի վաղ Հաջիևը, եվրոպացի դիվանագետներին ներկայացնելով Արցախի եկեղեցիները, դրանք անվանել էր «աղվանական»։
Հնագետ Համլետ Պետրոսյանը մեղադրել էր Հաջիևին ձեռագրերի թանգարանային վերարտադրություններն օգտագործելու մեջ՝ Գանձասարի վանքի պատմության հայկական «կեղծման» մասին պնդումները հիմնավորելու նպատակովր։ Նա նշել էր, որ Դադիվանքում և Գանձասարում պահպանվել է XII-XVII դարերին վերաբերող ավելի քան 200 հայերեն արձանագրություն։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել արձագանքել Հաջիևի պնդումներին։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Գրիգորյանի խոսքերը չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը։
Կարդացեք նաև՝
Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու․ արցախցին՝ դիվանագետներին
