Հայաստանում բենզինի գինը հասել է վերջին տարիների ամենաբարձր մակարդակին․ որոշ լցակայաններում մեկ լիտրի արժեքը մոտ 600 դրամ է։
Աննա Հարությունյանն արդեն 5 տարի բենզինով աշխատող մեքենա է վարում։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ երբ նոր էր սկսել վարել, պրեմիում տեսակի բենզինը, որով սովորաբար իր մեքենան լիցքավորում էր, արժեր 380 դրամ․
«Ես միշտ մեքենաս լիցքավորում եմ 20 լիտր։ Սկզբում 20 լիտր բենզինի համար վճարում էի մոտավորապես 7․600 դրամ։ Երկու օր առաջ եմ վերջին անգամ մեքենաս լիցքավորել, այսինքն՝ մոտ չորս տարի անց ես նույն 20 լիտրի համար վճարել եմ 12․000 դրամ»։
Վերջին չորս տարիներին բենզինի գինն աճել է մոտավորապես 50 տոկոսով։ Զրուցակիցս նշում է՝ այս փոփոխությունն ուղղակիորեն անդրադարձել է անձնական բյուջեի վրա․
«Ստացվում է՝ ես հիմա չորս տարի առաջվա համեմատ մի լիցքավորման մեջ, մոտավորապես 5000 դրամ ավել եմ ծախսում։ Ամսվա կտրվածքով 4-ից 5 անգամ լիցքավորում եմ մեքենան, մոտավորապես 20-25 հազար դրամ միայն վառելիքի վրա ավել եմ ծախսում»։
Մասնագետները բենզինի գնի բարձրացումը մի շարք գործոններով են բացատրում՝ միջազգային շուկայում նավթամթերքի թանկացում, պատերազմ Մերձավոր Արևելքում, լարված իրավիճակ Ռուսաստանի վառելիքի շուկայում, որտեղից, ի դեպ, ներկրվում է Հայաստան մտնող բենզինի մեծ մասը։
«Ռադիոլուր»-ը խորհրդարանում լսել է նաև պատգամավորների կարծիքը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է տնտեսության դիվերսիֆիկացումը, ինչը, ըստ պատգամավորի, նպաստելու է մեկ կենտրոնից կախվածության թուլացմանը․
«ՀՀ-ն հստակ գիտակցում է, որ բազմազանությունն է տալու լուծում ավելի բարենպաստ գնային շուկայի»։
Խորհրդարանական ընդդիմության գնահատմամբ՝ բենզինի գնի վրա ազդում են ոչ միայն ներքին, այլև արտաքին գործոնները։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Ֆարմանյանը կտրուկ աճի երկու պատճառ է նշում․
«Միջազգային շուկայում հում նավթի գինը թանկացել է պայմանավորված Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով։ Կոնկրետ բրենդ տեսակի հում նավթի մասին է խոսքը։ Հայաստանի բենզինի շուկան ունի առանձնահատկություններ՝ այդ գործոնը կա, բայց մեր ներմուծման 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսասատանին»։
Պատգամավորի կարծիքով՝ խնդիրները նաև մատակարարման դաշտում են։ Լոգիստիկ ծախսերի կամ ռիսկերի աճը նույնպես կարող է ազդել վերջնական գնի վրա։ Ի դեպ, այս փուլում հայկական շուկայում վառելիքի ներմուծման աշխարհագրությունն ավելի բազմազան է, այդ թվում՝ Ադրբեջանով կատարվող ներմուծումների հաշվին։ Ըստ վիճակագրության՝ 2025-ի դեկտեմբերից մինչև 2026-ի ապրիլ Ադրբեջանից ներկրվել է 3․940 տոննա բենզին և 5․400 տոննա դիզել։
Բենզինի շուկան ուսումնասիրում է նաև ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։ Կառույցից հայտնում են, որ գրություններ են ուղարկվել տնտեսվարողներին բենզինի արձանագրված գների կտրուկ բարձրացման վերաբերյալ։