Ի՞նչ ենք մենք տեսնում արվեստի գործին նայելիս․ պատկե՞րը, թե՞ այն կանխակալ պատկերացումները, որոնք մեզ սովորեցրել է մշակույթը։
1972 թվականին անգլիացի արվեստի քննադատ, վիպասան, բանաստեղծ և նկարիչ Ջոն Բերջերի «Տեսնելու կերպերը» հեռուստանախագիծը կոտրեց դասական արվեստաբանության ընդունված պատկերացումները։ Բերջերը ցույց տվեց, որ նկարը, գովազդը կամ լուսանկարը երբեք չեզոք չեն․ դրանք կրում են իշխանության, սեռի, դասակարգի ու փողի ծածկագրերը։ Հեռուստանախագծի հիման վրա գրված համանուն աշխատությունը ապացուցեց, որ տեսողական ընկալումը քաղաքական, սոցիալական և գենդերային ազդեցությունների արդյունք է։
Ավելի քան հիսուն տարի անց այս աշխատությունն առաջին անգամ թարգմանվել և տպագրվել է հայերեն՝ առաջարկելով նորովի ընկալել մեր շուրջը եղած տեսողական աշխարհը։ Գրքի հրատարակման ծրագրի ղեկավար, «Ֆոկուս» արվեստի կազմակերպության համահիմնադիր և նախագահ Վահե Բուդումյանը և թարգմանիչ Տաթևիկ Կոլարսկին խոսում են գրքի բովանդակության, թարգմանության անհրաժեշտության և արդիականության մասին։
«Ջոն Բերջերը շատ ճանաչված հեղինակ է ակադեմիական ու միջազգային ասպարեզում։ Հատկապես այս գիրքն արդեն վաղուց առանցքային, կարելի է ասել՝ նույնիսկ դասագրքային նշանակություն ունի։ Ավելի քան 50 տարի է, ինչ այն ընդգրկված է մեդիա, վիզուալ արվեստ, արվեստաբանություն, լուսանկարչություն կամ գրաֆիկական դիզայն ուսումնասիրող բոլոր կարևոր համալսարանների կրթական ծրագրերում և ընթերցանության ցանկերում։ Հենց սա հաշվի առնելով ենք ցանկացել, որ գիրքը հասանելի լինի հայ ընթերցողին»,— նշում է Վահե Բուդումյանը՝ հավելելով, որ այն պարզապես ուսումնական ձեռնարկ չէ, այլ արվեստի, լուսանկարչության և արվեստաբանության քննադատական տարբեր հետաքրքիր ուսումնասիրությունների համառոտ խտացում։
Գրքի նյութը վերաբերում է ժամանակակից հասարակարգին, և այդ իմաստով թեման այսօր էլ արդիական է։ Բերջերը մանրամասն խոսում է մեզ հայտնի գեղանկարիչների գործերի մասին և նրանց արվեստի կայացումն ուղղակիորեն կապում սեփականատիրական հարցերի հետ։
«Պարզությունը շատ խաբուսիկ է․ իրականում գործ ունենք բավականին բարդ մտքերի հետ։ Իմ ամենամեծ մարտահրավերն այն էր, որ երբեմն թվում էր, թե իմաստը փախչում է ինձնից, և կարիք էր լինում մի քանի անգամ վերադառնալու և վերընթերցելու։ Բերջերը դիմադրում է այն երևույթին, երբ արվեստի մասին խոսում են մասնագիտական բարդ լեզվով՝ «միստիֆիկացնելով» արվեստի գործերը և, ըստ էության, խլելով դրանք մեզնից։ Ինձ համար կարևոր էր չխախտել այդ սկզբունքը և պահպանել պարզությունը՝ խուսափելով բարդ շարահյուսական կառույցներից ու թանգարանային բառապաշարից»,— ասում է Տաթևիկ Կոլարսկին։
Գիրքը տպագրվել է «Ֆոկուս» արվեստի կազմակերպության կողմից՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ։