Հաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը


Միջազգային


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15–16-ը կայցելի Ադրբեջան։

Ինչպես հայտնում է Anadolu-ն՝ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին հղումով, այցի շրջանակում Ֆիդանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կանցկացնի երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններ։ Նախատեսվում է նաև հանդիպում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Բացի այդ, ակնկալվում է, որ Ֆիդանին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների զարգացումը։ Ֆիդանը նախատեսում է գոհունակություն հայտնել համագործակցության ձեռք բերված մակարդակի կապակցությամբ և ընդգծել աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ երկու երկրների ղեկավարների սահմանած նպատակին՝ փոխադարձ առևտրի ծավալը 15 միլիարդ դոլարի հասցնելուն հասնելու համար։

Կքննարկվեն նաև համատեղ նախագծերն ու էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին առնչվող հարցերը։

Առանձին ուշադրություն կդարձվի պաշտպանական արդյունաբերության, անվտանգության և ռազմական ոլորտներում երկու դաշնակից պետությունների շարունակվող համագործակցությանը։

Բանակցությունների թեմաներից մեկը կլինի ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացը։ Ֆիդանը նախատեսում է նշել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման համար պատմական հնարավորություն է ստեղծվել։ Ակնկալվում է, որ Թուրքիան կհաստատի կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն իր աջակցությունը և դրական կգնահատի արձանագրված առաջընթացը։

Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարարը կաջակցի օկուպացված Արցախում ենթակառուցվածքների վերականգնման, էներգետիկ և առևտրային երթուղիների զարգացման և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ջանքերին։

Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր կփոխանակեն նաև արդիական տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։


Leave a Comment