![]()
Ազգային ժողովի օրակարգում չընդգրկված նախագծերից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանի, Զարուհի Բաթոյանի և Ծովինար Վարդանյանի առաջարկած նախագիծն է, որը վերաբերում է ընտանեկան-կենցաղային բռնության կանխարգելմանը:
Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ նախագիծը մակագրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրայի հարցերի հանձնաժողովին, որը ղեկավարում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Մենք՝ համահեղինակներս, սպասում ենք, որ նախագծին գրավոր առաջարկներ լինեն, բնականաբար, դրանք կքննարկվեն:
Հնարավորությունից օգտվելով՝ ուզում եմ հերթական անգամ վերահաստատել առաջին տիկնոջ առաջարկը: Խոսքս ուղղեմ հատկապես ընդդիմադիր ֆրակցիաների կանանց՝ ընդունելու տիկին Աննա Հակոբյանի առաջարկը՝ այս նախագիծը քննարկելու իր ներկայությամբ ձեր ֆրակցիաներում, որովհետև ես կարծում եմ, որ առհասարակ բռնության կանխարգելումը բխում է բոլորիս, բոլոր հայաստանցիների շահերից, և առաջարկում եմ հյուրընկալել տիկին Աննա Հակոբյանին ձեր խմբակցություններում»,- ասել է պատգամավորը:
Հանդիպման նպատակը, ըստ Սոնա Ղազարյանի, պետք է լինի նախագծի քննարկումը, որպեսզի բռնությունը հաղթահարվի՝ անկախ քաղաքական հայացքներից:
Աննա Հակոբյանն առաջարկում է Ազգային ժողովին օրենսդրական փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որպեսզի ընտանեկան բռնությունը ճանաչվի առանձին, ինքնուրույն հանցագործություն:
Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորներին ու խմբակցությունների ղեկավարներին՝ կոչ անելով միանալ օրենսդրական գործընթացին։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ