
Իրանին մեկուսացնել հնարավոր չէ, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը: էսմայիլ Բաղային պնդել է, որ ԱՄՆ մրցակիցները և նույնիսկ դաշնակիցներն այժմ դեմ են Իրանի դեմ գործողություններին, որոնց հետևանքով խախտվել է երկար ժամանակ գոյություն ունեցող միջազգային կարգը։
«Իրանին երբեք հնարավոր չի լինի մեկուսացնել։ Ընդհակառակը, նայեք ԱՄՆ -ի դիրքորոշմանը միջազգային ասպարեզում։ Նրանք սարսափելի հանցագործություններ են կատարել՝ հարձակվելով ինքնիշխան պետության՝ Իրանի Իսլամական Հանրապետության վրա և դաշնակցելով վախկոտ, հանցավոր կազմակերպության հետ, որը Գազայում էթնիկ զտումներ և ցեղասպանական պատերազմ է իրականացրել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բաղային՝ նկատի ունենալով Իսրայելին:
«Միացյալ Նահանգներն անտեսել է այս բոլոր միջազգային օրենքները»,- ասել է նա՝ հավելելով, որ BRICS երկրները և նույնիսկ ԱՄՆ դաշնակիցներն այժմ «բախվում են ԱՄՆ-ի պարտադրած միաբևեռ կարգին»։
ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները վերջին շրջանում կրկին ակտիվացել են։ Վաշինգտոնն ու Թեհրանը դեռ տարաձայնություններ ունեն, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի վերահսկողության, Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների շուրջ։
Հորմուզի նեղուցի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի քննարկման նպատակով Օմանում այսօր Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև հանդիպում էր նախատեսված: Սակայն այն հետաձգվել է: