Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

Հնագետ Համլետ Պետրոսյանը Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին մեղադրել է ձեռագրերի թանգարանային վերարտադրություններն օգտագործելու մեջ՝ Գանձասարի վանքի պատմության հայկական «կեղծման» մասին պնդումները հիմնավորելու համար։

Պետրոսյանի հայտարարության առիթը տեսանյութն է, որում Հաջիևը Գանձասարի թանգարանում օտարերկրյա դիվանագետներին ցույց է տալիս դատարկ էջերով գիրք։

Պետրոսյանը պարզաբանել է, որ խոսքը ոչ թե բնօրինակ ձեռագրի, այլ ցուցադրության համար հատուկ պատրաստված վերարտադրության մասին է։

«Այն, ինչ անում է Հիքմեթ Հաջիևը՝ ի տես եվրոպացի դիվանագետների, սովորական աճպարարություն է, սուտ ու կեղծիք։ Այն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է»,- հայտարարել է Պետրոսյանը։

Հաջիևի հայտարարություններն ու հայկական վանական համալիրի պատմությունն աղավաղելու փորձերը փորձագետը համարել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականության շարունակություն։

Մատենադարանը դեռ 2025 թվականին պարզաբանել էր, որ թանգարանային ցուցադրության համար վերարտադրվել էր յուրաքանչյուր ձեռագրի ընդամենը երկու էջը, իսկ մյուս էջերը միտումնավոր դատարկ էին թողնվել։ Ձեռագրերի բնօրինակները Գանձասար չեն տեղափոխվել և պահվել են Երևանում։

Պետրոսյանը նաև հերքել է Գանձասարի և Դադիվանքի ոչ հայկական ծագման մասին պնդումները։

Նա ընդգծել է, որ վանքերի ճարտարապետության, քանդակների, խաչքարերի և որմնանկարների մեջ որևէ «աղվանական» կամ ոչ հայկական բաղադրիչ չկա։ Դադիվանքում և Գանձասարում պահպանվել է XII–XVII դարերին վերաբերող ավելի քան 200 հայերեն արձանագրություն, մինչդեռ, ըստ Պետրոսյանի, այլ լեզվով որևէ տառ անգամ չկա։

Հնագետը հիշեցրել է, որ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցող Խաչենի իշխան Հասան Ջալալ Դոլան և նրա հետնորդները հայ էին և խոսում ու գրում էին հայերեն։

Leave a Comment