13 Սեպտեմբերի 2026, 16:00
Կանադահայ դիզայներ Գարո Քեդիգյանը լուսանկարիչ Թրևոր Փարքերի հետ համատեղ պատրաստում է իր առաջին գիրքը։ Այն կդառնա ճարտարապետի և դիզայների 25-ամյա մասնագիտական գործունեության տեսողական ամփոփումը՝ ներկայացնելով նրա ամենանշանավոր նախագծերը Նյու Յորքի Upper East Side-ում, առանձնատները Փալմ Բիչում, ինչպես նաև հայտնի բնակարանը Պարկ Ավենյուում, որը նախկինում պատկանել է լեգենդար դերասան և պարող Ֆրեդ Ասթերին։
Բացի ինտերիերի լուսանկարներից, հրատարակությունը կներկայացնի Քեդիգյանի հեղինակային ոճի և մասնագիտական հնարքների մանրամասն վերլուծությունը՝ բարդ ու նրբաճաշակ գունային համադրություններից մինչև լաքապատման հատուկ տեխնիկաներն ու հնաոճ իրերի ներդաշնակ ինտեգրումը ժամանակակից ինտերիերում։
Դիզայները առանձնահատուկ կարևորում է նաև իր հայկական արմատների հետ կապը։ New York Social Diary-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ իր հայրը մանկաբույժ էր, իսկ մայրը՝ մարդաբան, և երկուսն էլ հայկական ծագում ունեին։
Մոր ընտանիքը Պետրոսյանների տոհմից էր, որը հայտնի էր խավիարի առևտրով, մինչդեռ հոր ընտանիքի անդամները վերապրել էին Հայոց ցեղասպանությունը և ապրել որբանոցում։ Նրա ծնողները ծանոթացել էին Եգիպտոսում․ հայրը այնտեղ սովորում էր բժշկական ինստիտուտում, իսկ մայրը ճանապարհորդում էր երկրում։