Վաղարշապատի այգու եկեղեցական մանրակերտներին նոր կյանք է հաղորդվել. վարպետն ասում է` նախկին քաղաքապետն ականջալուր չի եղել խնդրին

Վաղարշապատի համայնքապետարանի դիմացի այգում ցուցադրվող եկեղեցիների մանրակերտները դեռ մարտին հանվել էին ցուցասրահներից։ Խոնավության, անձրևաջրերի ներթափանցման և երկար ժամանակ չօդափոխվելու հետևանքով դրանց մի մասը լրջորեն վնասվել էր։ Մանրակերտներն այժմ վերականգնվել են․ առաջիկայում դրանք կվերադառնան համայնքապետարանի դիմացի այգի։

Վաղարշապատի այգին զարդարող մանրակերտները տեղափոխվել էին քաղաքի պատմա-ազգագրական թանգարան, որտեղ դրանց վերականգնմամբ ամիսներ շարունակ զբաղվել է ժողովրդական վարպետ Սամվել Հակոբյանը՝ ասում է թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանը։

«Ցուցափեղկերն ու մանրակերտները շատ վատ վիճակում էին, նույնիսկ մի եկեղեցու գմբեթն էր փլուզվել, խաչերը, ճարտարապետական մի շարք դետալներ: Մարտի 26-ից Սամվել Հակոբյանը, որը երկու մանրակերտների հեղինակն է, սկսեց վերականգնման աշխատանքները: Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցու ու Լմբատավանքի մանրակերտներն իր արվեստանոցում վերականգնեց, մնացածը՝ մեր թանգարանում»:

Եկեղեցիների պուրակում ցուցադրվում է 13 մանրակերտ, որոնք կառուցվել են 1989-90-ականներին՝ Հարություն Ստեփանյանի ղեկավարությամբ։ Դրանք սկզբում տեղադրվել էին Կոմիտասի անվան հրապարակում, իսկ 2000-ականներին տեղափոխվել համայնքապետարանի դիմացի այգի։ Մանրակերտների ստեղծման աշխատանքներին մասնակցել է 11 հեղինակ։ Խոր Վիրապի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և Արթիկի Լմբատավանքի մանրակերտների հեղինակը Սամվել Հակոբյանն է։ Արվեստի նմուշների  վերականգնումը վարպետին վստահվել է արդեն երկրորդ անգամ։

«Ես ամբողջը վերանորոգել եմ 2007-2008 թթ.-ին: 20 տարի հետո նորից վերանորոգելու կարիք եղավ: Թանգարանի կոլեկտիվը շատ լավն էր: Վերանորոգման ընթացքում իրենք ինձ ահագին աջակցեցին: Աշխատանքները տևել է մոտավորապես 5 ամիս: Մանրակերտներ կային, որոնց վրա աշխատել եմ մի ամսից ավելի, կես ամիս, 10 օր, այդպես շարունակ»:

Սովորաբար նորի կառուցումն ավելի հեշտ է, քան վերականգնումը՝ ասում է վարպետը։ Մանրակերտների վերականգնման համար անհրաժեշտ քարը նա բերել է այն տարածքներից, որտեղ հոգևոր կոթողներն են՝ հնարավորինս պահպանելով նյութի և կառույցի համադրությունը։

Առավել երկար ու մանրակրկիտ աշխատանք է պահանջել Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու մանրակերտը։

«Համարյա ամբողջ եկեղեցին վնասված էր: Ես ցելոֆանե տոպրակներով եմ բերել իմ արվեստանոց: Ամենամեծ ու ծանր աշխատանքը դա է եղել՝ 1.5-2 ամիս կտրվածքով: Հազիվ վերանորոգեցի, խելքի բերեցի: Առաջվա քաղաքապետը կին էր, զգուշացրել էինք, որ դա քանդվելու է, գմբեթն ընկնելու է: Նրանք ականջալուր չեղան այնքան ժամանակ, մինչև ընկավ ու փշրվեց: Էնքան ջուր էր լցվել իր մեջ, որ քարերը պոկվում, թափվում էին»:

Թանգարանում վարպետը վերականգնել է շուրջ 10 եկեղեցու և Զվարթնոցի տաճարի մանրակերտները։ Անժելա Թադևոսյանը հավաստիացնում է, որ աշխատանքը հետաքրքրել է նաև այցելուներին, որոնք հնարավորություն են ունեցել տեղում հետևելու վերականգնման գործընթացին և զրուցելու վարպետի հետ։

«Նախ այցելուները աշխատանքային պրոցեսն էին տեսնում, որը շատ հետաքրքիր էր ու գրավիչ: Ամեն դեպքում ծանոթանում էին աշխատանքերի հետ, Սամվելը բացատրում էր, զրուցում նրանց հետ, որն ավելի էր գրավում նրանց»:

Մանրակերտներն այժմ ամբողջությամբ վերականգնված են և դեռ ցուցադրվում են թանգարանում։ Վերականգնման ընթացքում վարպետը յուրաքանչյուր կառույցի համար առանձին մոտեցում է կիրառել՝ պահպանելով հնարավորինս շատ բնօրինակ դետալներ։

«Զվարթնոցը ամբողջ տաճարի երկայնքով ճաքել էր, բավականին բարդ աշխատանք էր, որ կարողացավ լցնել տուֆի փոշիով: Սա Կարմրավորն է, տեսեք, ամեն մի դետալը մշակած, կղմինդրի տեսքով պատրաստած: Սա բավականին մանրակրկիտ աշխատանք է, նա հատ-հատ մշակել է՝ պահպանելով չափսերը»:

Հիմա վերականգնման աշխատանքը շարունակվում է արդեն պուրակի ցուցասրահներում։ Համայնքի ղեկավարի խորհրդական Մանվել Մելիքյանի խոսքով՝ վերականգնման աշխատանքների արժեքն ավելի քան 3 միլիոն դրամ է։

«Մենք հիմա իրենց տեղադրման վայրերն ենք վերանորոգում և կահավորում: 2 մլն դրամ տրամադրվում է մասնագետին՝ վերականգնման համար, իսկ մնացած ծախսերը դեռ ընթացքի մեջ են»:

Որպեսզի մանրակերտները կրկին չվնասվեն, Սամվել Հակոբյանն առաջարկում է ցուցափեղկերը հերմետիկ փակել և դրանց վրա թեք տանիքներ տեղադրել՝ անձրևաջրերի ներթափանցումը բացառելու համար։

Համայնքը նախատեսում է վերականգնված մանրակերտները կրկին ցուցադրել Էջմիածին քաղաքի տոնին։

Leave a Comment