Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կայծակնային ռազմական գործողության արդյունքում իր վերահսկողության տակ է առել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ողջ մերձափնյա շրջանը և հարակից ռազմավարական կղզիները, Կարմիր ծովի արևմտյան ափը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է շարժման քաղբյուրոյի անդամ Խուզամ ալ Ասադը։
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության և տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ հութի ապստամբները գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Մոխա և Դուբաբ նավահանգստային քաղաքները, ինչպես նաև նեղուցի հենց կենտրոնում գտնվող Պերիմ (Մայուն) կղզին։ Այս առաջխաղացմամբ նրանք փաստացիորեն լիակատար վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի երկայնքով ձգվող Եմենի ողջ ափամերձ գոտու նկատմամբ։
Քանի որ Իրանի հետ հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցը փակ է, Սաուդյան Արաբիան իր նավթի արտահանման համար հիմնականում հենվում էր Կարմիր ծովի այս երթուղու վրա։ Բաբ էլ-Մանդեբի նկատմամբ հութիների վերահսկողության հաստատումից հետո համաշխարհային շուկայում նավթի գինը գերազանցել է 100 դոլարը՝ հասնելով մոտ 108 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Միջազգային վերլուծաբանները և The New York Times-ի փորձագետները նշում են, որ հութիների կողմից Պերիմ կղզու և մերձափնյա շրջանների գրավումը «խաղի կանոններ փոխող» իրադարձություն է։ Այն հնարավորություն է տալիս խմբավորմանը փոքր հեռահարության զենքերի և ծովային ականների միջոցով անմիջականորեն թիրախավորել կամ կանգնեցնել ցանկացած տեսակի նավ, ինչը լրջագույն սպառնալիք է համաշխարհային առևտրի համար։