Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դեպքում պետության հետ հաշտության հնարավորությունը կարող է վերանալ։ Վարչապետի հանձնարարությամբ արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է հրաժարվել գործող 75/25 մեխանիզմից։ 2020-ից գործող կարգավորմամբ՝ ապօրինի գույքի գործով անցնող անձը կարող է հաշտության համաձայնություն կնքել՝ պետությանը փոխանցելով գույքի գնահատված արժեքի 75 տոկոսը, իսկ 25 տոկոսը պահպանելով։
Օրերս Փարիզից Երևան վերադառնալիս՝ օդանավում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել սփյուռքահայ ոսկերիչներից մեկի առաջարկած նվերը՝ արծաթե թևնոցը։
«Ասում եմ՝ շնորհակալ եմ շատ, բայց մենք օրենք ենք ընդունել, ես չեմ կարող ձեր նվերը ընդունել»։
Փաշինյանի խոսքով՝ օրենքի այս պահանջը վերաբերում է բոլոր պաշտոնյաներին՝ նախարարներից մինչև համայնքների ղեկավարներ։ Նրա գնահատմամբ՝ հենց այսպիսի մեխանիզմների շնորհիվ է, որ 2018-ից հետո Հայաստանում կոռուպցիոն բուրգ չի ձևավորվել։
«Մենք դրա համար ենք դա ստեղծել, որ ես չընկնեմ, մեր պաշտոնյաների գրպանները ստուգեմ, տեսնեմ՝ ով ինչ ունի։ Դրա համար ինստիտուտ կա»։
Խոսքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին է։ Պաշտոնյաների հայտարարագրերի միջոցով հանձնաժողովը տեղեկություն է ստանում նրանց գույքի, դրամական միջոցների և թանկարժեք իրերի մասին։ Եթե հայտարարագրված գույքի օրինական ծագման վերաբերյալ խնդիր է առաջանում, հարցը կարող է փոխանցվել իրավապահ մարմիններին։
Փաշինյանը, որպես օրինակ, խոսել է թանկարժեք ժամացույցի մասին։
«Չի կարող լինել Rolex ժամացույց, եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը հասանելիություն ունի բոլոր տվյալներին, չտեսնի այդ ժամացույցի օրինական ձեռքբերման աղբյուրը»։
Կոռուպցիայի ռիսկ չկա՞ ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանի հայտարարագրում նշված 10 միլիոն դրամի նվերի առումով. լրագրողի այս հարցին իր պատասխան Փաշինյանը նշել է, որ միայն նվերի փաստը բավարար չէ այն ապօրինի համարելու համար։
«Կներեք, դա ճիշտ ժանր չէ, որ ես հիմա ասեմ՝ հա, 10 միլիոն նվիրել է, դա հանցագործություն է։ 10 միլիոն, բայց կարող է մարդը աշխատած լինի, չէ՞»։
Վարչապետը նաև կրկնել է քանիցս հայտարարածը` Հայաստանում արտոնյալ պաշտոնյաներ չպիտի լինեն։ Դա` նաև թիմակիցների առումով։ Նա օրինակ էլ բերել նախկին թիմակից Հայկ Սարգսյանին՝ պնդելով, որ պաշտոնը անձնական շահի համար օգտագործելու դեպքում պաշտոնյան կարող է հեռացվել նաև կուսակցության շարքերից։
«Իմիջիայլոց, Հայկ Սարգսյանը այդ ճանապարհին մենակ չէ»։
Փաշինյանը սեփական դիտարկումն ունի մի շարք խնդիրների վերաբերյալ։ «Քաղաքացիական պայմանագրի» ներքին աշխատանքային մի շարք ձևաչափեր նախընտրական շրջանում չեն գործել։ Քաղաքական ժողովում այդ հարցերը կքննարկվեն` մանրամասնել է Փաշինյանը։
«Բոլոր աշխատանքային ֆորմատները վերաձևակերպվել են ընտրական ֆորմատների։ Ձեր նշած ֆորմատը՝ ընթացակարգը, մենք քաղաքական ժողով ենք ունենալու, կքննարկենք։ Մենք այս ընթացքում նաև նախաձեռնող խմբի նիստեր ընդհանրապես չենք արել»։
Իսկ քննարկվող հարցերից մեկն էլ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմն է։ Փաշինյանի առաջարկով՝ պետք է վերանա հաշտության միջոցով ապօրինի գույքի արժեքի 25 տոկոսը պահպանելու հնարավորությունը։
«Չկա այլևս 25 տոկոս առհասարակ։ Առհասարակ չպիտի լինի։ Տվել ենք այդ շանսը, ութ տարի չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի։ 100 տոկոսը պետք է վերադարձնե՞նք»։
Սա սահմանող օրենսդրական նախագիծը արդարադատության նախարարությունն առաջիկայում կներկայացնի քննարկման։
Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով անցնում են մի շարք նախկին պաշտոնյաներ և գործարարներ, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, գործարար Գագիկ Ծառուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, այլք, որոնք իրավական գործերը քաղաքական հետապնդում են որակում։
Փաշինյանի խոսքով՝ ապօրինի գույքի գործերով անցնող նախկին պաշտոնյաները բավարար ժամանակ են ունեցել պետությունից, իր բնորոշմամբ, «թալանածը» վերադարձնելու համար։
«Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած՝ վերցնելու ենք»։
2020-ին օրենքի ընդունումից ի վեր կնքվել է հաշտության 11 համաձայնություն, հօգուտ Հայաստանի բռնագանձվել է 8 անշարժ և 2 շարժական գույք, իսկ համաձայնությունների ընդհանուր դրամական արժեքը կազմել է շուրջ 5,5 միլիարդ դրամ՝ ավելի քան 15 միլիոն դոլար։
Օրեր առաջ գլխավոր դատախազը հայտնել էր նաև, որ ապօրինի գույքի գործերով վերադարձված գույքի ընդհանուր արժեքը 6,3 միլիարդ դրամ է կամ ավելի քան 16 միլիոն դոլար։