Զինծառայողի արձակուրդը․ քանի՞ օր է հասանելի, ե՞րբ է տրամադրվում

Զինվորական ծառայության ընթացքում արձակուրդի տրամադրման ժամկետները, տևողությունը և պայմանները սահմանված են օրենքով և տարբեր են՝ կախված զինծառայողի կարգավիճակից։ Զորակոչով ծառայություն անցնող զինծառայողների, պարտադիր ծառայության մեջ գտնվող սպաների, պայմանագրային զինծառայողների և կին զինծառայողների համար գործում են տարբեր կարգավորումներ։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը սահմանում է արձակուրդի մի քանի տեսակ՝

Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները.

  • 1) հիմնական.
  • 2) լրացուցիչ.
  • 3) հիվանդության պատճառով (վերականգնողական):

Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները.

  • 1) հերթական.
  • 2) լրացուցիչ.
  • 3) հիվանդության պատճառով (վերականգնողական):

Որոշ դեպքերում արձակուրդի ժամանակահատվածը կարող է երկարացվել, իսկ որոշ իրավիճակներում չօգտագործված արձակուրդը կարող է տրամադրվել ավելի ուշ։

Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնող շարքային կազմի պարտադիր զինծառայողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով: Շարքային կազմի պարտադիր զինծառայողին հիմնական արձակուրդը տրվում է երեք հավասար մասերով՝ օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն, ընդ որում, հիմնական արձակուրդի առաջին մասը տրվում է ծառայության հինգ օրացուցային ամիսը լրանալուց հետո: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս հիմնական արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և զինծառայողի բարեխիղճ ծառայությունը:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է միանվագ 10 օրացուցային օր ժամկետով՝ ծառայության հինգ օրացուցային ամիսը լրանալուց հետո: Օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված մեկ ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողին հիմնական արձակուրդ չի տրվում:

Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին յուրաքանչյուր տարվա համար հերթական արձակուրդը տրվում է` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:

Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է հինգ օրացուցային օր տևողությամբ`

  • 1) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար՝ խրախուսման կարգով.
  • 2) ընտանեկան պայմաններից ելնելով՝ զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում.
  • 3) սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմաններ ունեցողներին` վեց ամիսը մեկ անգամ:

Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում է նաև երկու օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ՝ զինվորական երդում տալու կապակցությամբ:

Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է ընտանեկան պայմաններից ելնելով՝ զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում՝ հինգ օրացուցային օր տևողությամբ:

Շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից` սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված բուժման մեջ գտնվելու կամ վերականգնողական ժամանակահատվածի համար` բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի (այսուհետ` կենտրոնական փորձաքննական մարմին) տեղեկանքի հիման վրա:

Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու ժամանակ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության պետի կողմից զինծառայողին կարող է տրվել արձակուրդ մինչև 30 օրացուցային օր տևողությամբ` կենտրոնական փորձաքննական մարմնի եզրակացության հիման վրա:

 Հիմնական կամ հերթական կամ լրացուցիչ արձակուրդի ընթացքում հիվանդացած շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողի հիվանդության ժամանակահատվածը չի հաշվարկվում տրված արձակուրդի ժամկետում։ Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը: Բուժման ավարտից հետո շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության կենտրոնական փորձաքննական մարմնի կողմից, որի արդյունքներով կենտրոնական փորձաքննական մարմինը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը` մինչև 30 օրացուցային օր, կամ սահմանել վերականգնողական ժամկետ` մինչև 30 օրացուցային օր: Երկարաձգված բուժման կամ վերականգնողական ժամկետի ավարտից հետո շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները կրկին ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության: Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կենտրոնական փորձաքննական մարմնի կողմից տրվում է զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է զինծառայողի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը, ինչպես նաև զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են զինծառայողի առողջական վիճակին:

Պայմանագրային զինծառայողների արձակուրդները

Պայմանագրային զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները.

  • 1) հերթական.
  • 2) լրացուցիչ.
  • 3) ուսումնական (ռազմաուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում).
  • 4) հիվանդության պատճառով (վերականգնողական).
  • 5) կին զինծառայողին` հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար:

Պայմանագրային զինծառայողներին կարող են տրվել նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ արձակուրդներ: Պայմանագրային զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված արձակուրդներ տալու դեպքում տրվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ` մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով:

Պայմանագրային զինծառայողներին սույն հոդվածով նախատեսված արձակուրդներ տալու կարգը և արձակուրդ տալու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) ցանկը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

Հերթական արձակուրդը

Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է մինչև 15 օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար` տարվա ընթացքում 30 օրացուցային օր։ 15-25 օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար` տարվա ընթացքում 35 օրացուցային օր։ 25 և ավելի օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար` տարվա ընթացքում 40 օրացուցային օր:

Պայմանագրային զինծառայողի հերթական արձակուրդին միացվում են նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 227-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն զինծառայողին հաշվարկված հանգստի օրերը՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հերթական արձակուրդի մաս: Հերթական արձակուրդը պայմանագրային զինծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երեք մասով: Մարտական հերթապահության հատուկ ժամանակացույցով պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է մարտական հերթապահության ժամանակացույցից դուրս ժամանակահատվածում: Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած պայմանագրային զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց անմիջապես հետո տրվում է հերթական արձակուրդ:

Պայմանագրային զինծառայող ամուսինների ցանկությամբ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:

Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա համար զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հաստատած ժամանակացույցի համաձայն` զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով:

Հերթական արձակուրդի ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած պայմանագրային զինծառայողներին, մինչև 16 տարեկան երեք և ավելի երեխա ունեցող պայմանագրային զինծառայողներին, հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցող պայմանագրային զինծառայողներին:

Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով պայմանագրային զինծառայողը չի օգտվել հերթական և (կամ) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լրացուցիչ արձակուրդից, ապա դրանք տրվում են հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:

Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած պայմանագրային զինծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով` հիմք ընդունելով բուժումն իրականացրած բժշկական հաստատության համապատասխան տեղեկանքը:

Հերթական արձակուրդից պայմանագրային զինծառայողին հետ կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` արձակուրդ տրամադրած հրամանատարի (պետի) հրամանով: Նշված դեպքում չօգտագործած արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օրացուցային օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը պայմանագրային զինծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:

Պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության ընդունվելու և զինվորական ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է դրա ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են` ավելացման եղանակով:

Պայմանագրային զինծառայողի հերթական արձակուրդին միացվում են նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 227-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն զինծառայողին հաշվարկված հանգստի օրերը՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հերթական արձակուրդի մաս: Մարտական հերթապահության հատուկ ժամանակացույցով պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է մարտական հերթապահության ժամանակացույցից դուրս ժամանակահատվածում:

Լրացուցիչ արձակուրդը

Լրացուցիչ արձակուրդը տրվում է զինվորական ծառայության առանձնահատուկ կամ վնասակար պայմաններում ծառայող պայմանագրային զինծառայողին` 10 օրացուցային օր և ընտանեկան պայմաններից ելնելով՝ պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամի ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում կամ ուսման կապակցությամբ կամ այլ հարգելի պատճառներով` մինչև 10 օրացուցային օր:

Պայմանագրային զինծառայողի ցանկությամբ լրացուցիչ արձակուրդը կարող է միացվել հերթական արձակուրդին:

Ուսումնական արձակուրդը

Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնող պայմանագրային զինծառայողին ուսման ընդմիջումների ընթացքում տրվում են`

  • ձմեռային արձակուրդ` 15 օրացուցային օր.
  • ամառային արձակուրդ` 30 օրացուցային օր:

Հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդը

Պայմանագրային զինծառայողներին հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված բուժման մեջ գտնվելու կամ վերականգնողական ժամանակահատվածի համար` բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ ռազմաբժշկական հանձնաժողովի տեղեկանքի հիման վրա:

Պայմանագրային զինծառայողներին առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու ժամանակ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության պետի կողմից զինծառայողին կարող է տրվել արձակուրդ մինչև 30 օրացուցային օր տևողությամբ` կենտրոնական փորձաքննական մարմնի եզրակացության հիման վրա:

Հերթական կամ լրացուցիչ արձակուրդի ընթացքում հիվանդացած պայմանագրային զինծառայողի հիվանդության ժամանակահատվածը չի հաշվարկվում տրված արձակուրդի ժամկետում։

Պայմանագրային զինծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:

Պայմանագրային զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը: Բուժման ավարտից հետո պայմանագրային զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության կենտրոնական փորձաքննական մարմնի կողմից, որի արդյունքներով կենտրոնական փորձաքննական մարմինը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը` մինչև 30 օրացուցային օր, կամ սահմանել վերականգնողական ժամկետ` մինչև 30 օրացուցային օր: Երկարաձգված բուժման կամ վերականգնողական ժամկետի ավարտից հետո պայմանագրային զինծառայողները կրկին ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության: Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կենտրոնական փորձաքննական մարմինը տալիս է զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է զինծառայողի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը, ինչպես նաև զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են զինծառայողի առողջական վիճակին:

Կին զինծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը

Կին զինծառայողին՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում կին զինծառայողի դրամական ապահովությունը պահպանվում է: Հղիության և ծննդաբերության արձակուրդից առաջ կամ անմիջապես հետո կին զինծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է հերթական արձակուրդ:

Կին զինծառայողին իր ցանկությամբ տրվում է երեխայի խնամքի համար արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարին լրանալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս: Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին զինծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում են:

Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին զինծառայողի անընդհատ ծառայության ստաժում` պաշտոնային դրույքաչափը սահմանելու, հերթական զինվորական կոչում շնորհելու (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածի), զինվորական ծառայությունից արձակվելիս դրամական օգնության չափը և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար:

Հղիության և ծննդաբերության տարում կին զինծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում`ավարտվելու օրվանից համամասնաբար մինչև օրացուցային տարվա ավարտը` ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկու և կես օր հաշվարկով,- տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ 

Leave a Comment