Սեպտեմբերի 11-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իր դեմ երկու եզրակացություն է կայացրել։
Iravaban.net-ը ուսումնասիրել է ԿԿՀ եզրակացությունները, պարզելու, թե ինչ դեպքերով են խախտումներ արձանագրվել։
ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025 թվականին երկու առանձին վարույթներով արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնի խախտման առկայություն։ Երկու դեպքերն էլ վերաբերում են վարչապետի հրապարակային խոսքին, սակայն տարբեր իրավիճակների՝ մեկը՝ Ազգային ժողովում հնչեցրած արտահայտություններին, մյուսը՝ սոցիալական ցանցում կատարած հրապարակումներին։
ԿԿՀ-ի եզրակացություններից հետևում է, որ հարցը միայն օգտագործված առանձին բառերի կամ արտահայտությունների մասին չի եղել։ Հանձնաժողովը գնահատել է նաև խոսքի համատեքստը, պաշտոնատար անձի կարգավիճակը, արտահայտության ազդեցությունը և քաղաքական գործչի կողմից հանրային խոսքի նկատմամբ դրսևորվող պատասխանատվությունը։
ԱԺ-ում հնչեցրած արտահայտությունները
Առաջին վարույթը ԿԿՀ-ն հարուցել է 2025 թվականի մայիսի 15-ին։ Վարույթի հիմքում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներն էին։ Ուսումնասիրության առարկան, մասնավորապես, եղել են Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մի շարք արտահայտություններ։
Դրանց թվում էին՝
- «Համբալ» արտահայտությունը,
- «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,
- «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունը,
- ինչպես նաև կրկնվող անհարգալից խոսքը։
Այս դրվագների վերաբերյալ ԿԿՀ-ն ուսումնասիրել է ոչ միայն արտահայտությունների բառացի բովանդակությունը, այլև դրանց հնչեցման պայմանները և քաղաքական խոսքի համատեքստը։ Վարույթը հարուցելու մասին տեղեկությունը հրապարակվել էր նաև այն ժամանակ, երբ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ հենց իր դիմումից հետո էր հանձնաժողովը սկսել ուսումնասիրությունը։
ԿԿՀ-ի եզրակացության մեջ արտահայտվելու ազատության սահմանների գնահատման համար անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։ Հանձնաժողովը քննարկել է, թե որքան լայն են քաղաքական գործիչների կողմից քննադատության և արտահայտվելու թույլատրելի սահմանները և որտեղ կարող է անցնել հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի թույլատրելի սահմանը։
Այս գործով ԿԿՀ-ն, ի վերջո, արձանագրել է վարքագծի կանոնի խախտման առկայություն։
Սոցիալական ցանցում արված հրապարակումը
Երկրորդ վարույթը ԿԿՀ-ն հարուցել է 2025 թվականի հունիսի 2-ին՝ նույնպես զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա։
Այս անգամ ուսումնասիրության առարկան վարչապետի՝ սոցիալական ցանցում կատարած հրապարակումներն էին։
Դեպքը վերաբերում էր Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին Փաշինյանի հրապարակային հայտարարություններին։ Մասնավորապես, լայն արձագանք էր ստացել 2025 թվականի մայիսի 30-ին նրա կատարած ֆեյսբուքյան գրառումը, որը պարունակում էր սեռական բնույթի վիրավորական ձևակերպում։ Այդ հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն նույնպես վարույթ է հարուցել։
Այս գործով հանձնաժողովը կարևորել է ոչ միայն արտահայտության բովանդակությունը, այլև այն հանգամանքը, որ այն հրապարակել է երկրի վարչապետը։
Եզրակացության մեջ ԿԿՀ-ն ընդգծում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց խոսքն ավելի մեծ ազդեցություն ունի, ուստի նրանց հրապարակային արտահայտությունների նկատմամբ կարող են կիրառվել ավելի բարձր զգուշության պահանջներ։ Հանձնաժողովը նաև հղում է կատարել ՄԻԵԴ-ի այն մոտեցմանը, ըստ որի՝ քաղաքական գործիչները, սոցիալական ցանցերն օգտագործելով քաղաքական նպատակներով, նույնպես կրում են որոշակի պարտականություններ և պատասխանատվություն։
Այս վարույթով ևս ԿԿՀ-ն արձանագրել է Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնի խախտման առկայություն։
Հանձնաժողովի մոտեցման առանցքային հանգամանքներից մեկը պաշտոնատար անձի հանրային ազդեցությունն է։ Այսինքն՝ նույն արտահայտությունը սովորական քաղաքացու և երկրի վարչապետի կողմից հնչեցվելու դեպքում կարող է իրավական գնահատման տարբեր համատեքստ ունենալ։ Երկրորդ եզրակացության մեջ ԿԿՀ-ն հենց այդ հանգամանքն է առանձնացնում՝ նշելով բարձրաստիճան պաշտոնյաների խոսքի ավելի մեծ ազդեցությունը։
Միաժամանակ հարկ է նշել, որ ԿԿՀ-ի եզրակացությունները քրեական կամ վարչական պատասխանատվության մասին որոշումներ չեն։ Դրանք վերաբերում են պաշտոնատար անձի նկատմամբ կիրառելի վարքագծի կանոնների պահպանմանը և հանձնաժողովի կողմից դրանց խախտման առկայության գնահատմանը։