Ահաբեկչություն, որը փոխեց ողջ աշխարհը․ ականատես լրագրողը պատմում է «անիրական» պատկերների մասին

Սեպտեմբերի 11, ամսաթիվ, որը 25 տարի առաջ մեկընդմիշտ փոխեց աշխարհը։ 2001 թվականի այդ օրը Միացյալ Նահանգները ենթարկվեց աննախադեպ ահաբեկչական հարձակման։

25 տարի անց՝ այդ ողբերգության տարելիցի օրը ականատեսները հիշում ու պատմում են տեսածը իրենց հետ կատարվածը, վերլուծում թե ինչպես փոխվեց աշխարհը ահաբեկչությունից հետո։

25 տարի առաջ դժվար էր հավատալ, որ աշխարհն այսօրվա իրավիճակում կհայտնվի, որ լրատվամիջոցների գլխավոր թեմաները գլոբալ պատերազմները կլինեն։ Սակայն քառորդ դարի հեռավորությունից, վելուծելով համաշխարհային նշանակության իրադարձությունները, միջազգային մամուլը արձանագրում է՝  այն ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, սկիզբ է առել 2001թ սեպտեմբերի 11-ին։

9/11․ԱՄՆ  նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հայտնում է ահաբեկչության մասին՝

«Այսօր մենք ականատես եղանք ազգային ողբերգության։ Երկու ինքնաթիռներ բախվեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքերին՝ մեր երկրի վրա սա ակնհայտ ահաբեկչական հարձակում է»։

2001թ սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների առևանգած չորս օդանավերից երկուսը բախվեցին Միացյալ Նահանգների երկու ամենահայտնի երկնաքերներին, որոնք խորհրդանշում էին երկրի տնտեսական, քաղաքական և ռազմական հզորությունը։

Ահաբեկչության տարելիցի առիթով Նյու Յորքի երկնքում լուսավորված 2977 դրոններով երկու երկնաքերների իրական չափերով պատկերներ են ցուցադրվել՝ ի հիշատակ զոհված 2977 քաղաքացիների։

Ըստ պաշտոնական վարկածի՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մահապարտները 4 ուղևորատար օդանավ էին առևանգել։ Դրանցից երկուսը նրանք ուղղորդել էին դեպի Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոն և մխրճվել զույգ-երկնաքերերի մեջ, երրորդը հարվածել էր Պենտագոնի համալիրին, իսկ չորրորդ ինքնաթիռը ընկել էր Փենսիլվանիա նահանգում:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ԱՄՆ տարածքում տեղի ունեցած ամենամահացու ողբերգությունն է համարվում, իսկ հետևանքները զգացվում են մինչև օրս։

Այդ հարձակումներից հետո Միացյալ Նահանգները սկսեց այսպես կոչված «Ահաբեկչության դեմ պատերազմը»։

Տասնյակ հազարավոր ամերիկացիներ ու ոչ միայն, դեռևս հստակ հիշում են, թե որտեղ էին այդ օրը և ինչ էին անում այդ պահին։

AP-ի թղթակից  Ջերեմի Բրաունը, որ այդ ժամանակ 26 տարեկան էր, նկարահանումների  է եղել և  բավականին մոտ է գտնվել Համաշխարհային առևտրի կենտրոնին։ Նա անիրական տեսարանի մասին է պատմում։ Բրաունը հրաշքով է փրկվել փլատակների տակ մնալուց։ Նրան հրշեջներից մեկն է հրահանգել, որ տեսախցիկը վերցնի ու փախչի տարածքից․

«Ես լսում էի շչակների ձայներ, և շուրջս  բեկորներ էին թափվում, բայց հետո սկսեցի դղրդյուն լսել, խորը դղրդյուն։ Փողոցում գտնվող հրշեջը վազեց դեպի ինձ և ասաց. «Վերցրու տեսախցիկդ, հետևիր ինձ»։ Նա գիտեր, որ 2-րդ աշտարակը փլվում է։ Մենք վազեցինք դեպի Առևտրի համաշխարհային կենտրոնի 7-րդ շենքի բեռնման հարթակը,  մեր հետևից բեկորների մի հսկայական ալիք թափվեց։ Բեռնահարթակի հետևի մասում մի փոքրիկ սենյակ կար, որտեղ  մարդիկ ապաստան էին գտել։

Վազելիս ես զգում էի բեկորների ջերմությունը։ Պողպատի և էլեկտրալարերի հոտ էր զգացվում։ Կարծում եմ՝ այդ սենյակում գտնվողներից ոչ ոք չէր կարծում, թե մենք փրկվելու ենք։

Ամենուրեք մոխիր, փոշի, բեկորներ էին։ Ես իմ մարզաշապիկը որպես դիմակ էի օգտագործում, քանի որ շատ դժվար էր շնչելը։ Սա անկասկած ամենաերկար, ամենադժվար և ամենամեծ առաջադրանքն էր, որը ես երբևէ կատարել եմ։ Ես աշխատել եմ առնվազն 48 ժամ անընդմեջ։ Այդ օրը ես նկարահանում էի Համաշխարհային առևտրի կենտրոնի փլուզումը, և չէի կարողանում հավատալ, որ ես այնտեղ էի եղել ժամեր առաջ»։

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից 10 տարի անց ամերիկյան հատուկ ստորաբաժանումները հայտնաբերեցին ու ոչնչացրին Ուսամա Բին Լադենին, որը ահաբեկչական խմբավորման պարագլուխն էր համարվում: Սակայն դրանով աշխարհում ահաբեկչությունների ալիքը չկանգնեց և նոր թափ հավաքեց։ Այսօր արդեն ահաբեկչական սպառնալիքների ու դրանց դեմ պայքարի անհրաժեշտության մասին խոսում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Leave a Comment