Ցրտերի հետ մոտենում է նաև գրիպի սեզոնը: Այս մասին իրազեկում է տարածել առողջապահության նախարարությունը։
«Օդի ջերմաստիճանի նվազմանը և փակ տարածքներում շփումների ավելացմանը զուգընթաց մեծանում է գրիպի և այլ սուր շնչառական վարակների տարածման հավանականությունը։
Գրիպից պաշտպանվելու, հիվանդության ծանր ընթացքի և հնարավոր բարդությունների ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցը պատվաստումն է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նախարարությունը ներկայացրել է նաև այս տարվա համար նախատեսված պատվաստանյութը։
2026–2027 թթ. սեզոնի համար նախատեսված պատվաստանյութը եռավալենտ է․ այն պարունակում է «Ա» տեսակի երկու (H1N1, H3N2) և «Բ» տեսակի մեկ շճատիպ։ Պատվաստանյութը համապատասխանում է այս սեզոնին հյուսիսային կիսագնդում շրջանառվող կանխատեսվող շճատիպերին։
Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցող անձանց համար՝ տարեցներ, հղիներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, փոքր երեխաներ և բուժաշխատողներ: